Գլխավոր դատախազությունն այսօր՝ 2024 թվականի ապրիլի 26-ին, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ խորհրդաժողովի նպատակն է քննարկել կոռուպցիոն, տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների գործառույթների եվրոպական չափանիշները՝ խթանելով անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը:

Բարձրաստիճան խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակներում:

Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը,  Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Յանա Զեզուլովան, դատախազության պատվիրակություններ՝ Ռումինիայից, Լյուքսեմբուրգից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՀՀ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Ուղիղ տասն ամիս առաջ՝ 2023 թվականի հուլիսի 1-ին, Դատախազության 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպեցինք «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան երկօրյա խորհրդաժողով: Արդյունքներն ամփոփելիս՝ հստակ ցանկություն կար՝ եվրոպացի գործընկերների հետ նման ձևաչափով համագործակցությունը զարգացնել, կազմակերպել նոր բարձրաստիճան խորհրդաժողով՝ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ: Այսօր մեկնարկում ենք «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Այս նախաձեռնությունը կրկին իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում: Այս կապակցությամբ, երախտագիտությունս հայտնելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կառույցներին ու պաշտոնատար անձանց, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և հատկապես վերջին տարիներին թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Վստահ եմ՝ այսօր մեկնարկող միջոցառումը  մասնագիտական երկխոսության նոր՝ ավելի բարձր նշաձող կսահմանի և արդյունավետ հարթակ կդառնա ինչպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, այնպես էլ ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձման ոլորտներում մեր երկրների փորձառության ու մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար»:

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը ողջունել է խորհրդաժողովի մասնակիցներին՝ նախորդ տարի մեկնարկած ավանդույթն այս տարի խորհրդաժողովի շրջանակում շարունակելու համատեքստում և շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, արդյունավետ փոխգործակցության, այն զարգացնելու գործում ակտիվ ներգրավվածության ու ներդրման համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության վերաբերյալ բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացումը և ընդգծել, որ եվրոպական չափանիշների հիման վրա համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարի, օրենքի գերակայության և արդարադատության բարեփոխումների արդյունավետության ամրապնդման տեսանկյունից առանցքային է Հայաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդման համատեքստում: «Օրենքի գերակայությունը և արդարադատության բարեփոխումները կարևոր են ժողովրդավարության ամրապնդման համար»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը»:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն կարևորել է համագործակցությունն ու անդրադարձել արդեն իսկ ձեռք բերված հաջողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ապագա նախաձեռնությունների համար հիմք ստեղծելու գործում:

Խորհրդաժողովի երկու հիմնական թեմատիկ նիստերի շրջանակներում անդրադարձ է կատարվել քրեական վարույթներով միջազգային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև այդ ոլորտում առանձին գործերով մարտահրավերներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն