Հայաստանի և Վրաստանի 16-25 տարեկան 60 երիտասարդի համար ամառային միջազգային արտաուսումնական ծրագիր կիրականացվի
Կառավարության որոշմամբ կիրականացվի Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդի մասնակցությամբ ամառային արտաուսումնական կրթամշակութային-երիտասարդական ծրագիր: Ծրագրի նպատակն է նպաստել հայ և վրացի պատանիների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը՝ հիմքում ունենալով երկու երկրների միջև երիտասարդության շրջանում փորձի փոխանակումն ու մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։
Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, ժամանցային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։ Ճանաչողական միջոցառումներն իրականացվելու են թիմային խաղերի տեսքով։ Ներառում է պանելային քննարկումներ, լեզվական, երաժշտական, թատերական խաղ-առաջադրանքներ։ Ճանաչողական միջոցառումների մաս են նաև Լոռու մարզում և դեպի Երևան էքսկուրսիաները, արշավները։ Երիտասարդական միջոցառումը ներառելու է երկու երկրներում մշակվող և իրականացվող երիտասարդական քաղաքականության ներկայացումը, համագործակցության զարգացման մանրամասների, ինչպես նաև հաջորդ տարիներին իրականացվող համատեղ միջոցառումների քննարկումը: Սպորտային միջոցառումներն իրականացվելու են մարմնամարզության, յոգայի, ֆիթնես առաջադրանքների և սպորտային մրցախաղերի տեսքով։ Մշակութային միջոցառումների արդյունքը խարույկի օրվա բեմադրությունն է։ Ժամանցային միջոցառումները, ինտելեկտուալ և մրցակցային խաղերը կազմակերպվելու են Ծրագրի ողջ ընթացքում։ Զույգերով կամ թիմերով ժամանցային միջոցառումների համար մասնակիցներին շաբաթվա ընթացքում հատկացվելու է ազատ ժամեր, իսկ ինտելեկտուալ և մրցակցային խաղերը կազմակերպվելու են խմբերի միջև՝ թիմային ձևաչափով։ Կրթական միջոցառումների բաղադրիչ է ՔՈԱՖ Սմարթ Կենտրոնի ամառային ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցելով մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Կենտրոնի 15 ծրագրերի նախագծերին և բացահայտել Սմարթի կրթական մոդելը՝ հիմնված կոգնիտիվ, հուզական և ֆիզիկական ոլորտների համապարփակ զարգացման վրա։ Ծրագրի իրականացման համար կպահանջվի 18261,3 ՀՀ դրամ գումար:
Հայաստանի և Վրաստանի 16-25 տարեկան 60 երիտասարդի համար ամառային միջազգային մշակութային-երիտասարդական ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկված մասնակիցները կստեղծեն դրական միջմշակութային հաղորդակցություն, կլավացնեն երիտասարդների միջև շփումները, մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։