44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները երեկ՝ հուլիսի 29-ին, բողոքի ակցիա էին անցկացնում ԱԱԾ-ի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Գևորգ Կարապետյանի մայրը՝ Կիմա  Ավետիսյանը՝ նշելով, որ իրենց պահանջն ամփոփոխ է մնում: «4 տարի մեր երեխաներից լուր չունենք: Մենք մեր տղաներից վիդեոներ ունենք, փաստեր ունենք, որ տղաները գերի են ընկել, բայց պետությունը մեզ պատասխան չի կարողանում տալ: Երեխեքին խաբեցին, տարան, հիմա էլ չորս տարի դատ է գնում: Մի հատ հավի ճուտ գողացողին երկրորդ օրը կդատեն, իսկ էդ հաստավիզներին  չեն  կարողանում դատել»,-ասում է անհետ կորած զինծառայողի մայրը:

Տիկին Կիման պատմում է՝ չգիտի թոռների հարցերին ինչպես պատասխանել:  «Մինուճար տղիս երբ տվեցի, թոռս օրորոցի մեջ էր, հիմա արդեն չորս տարեկան է: Հարցեր է տալիս, չեմ կարողանում պատասխան տալ, հաճախ խուսափում եմ տուն գնալուց, որովհետև երեխաների հարցերին չեմ կարողանում պատասխանել»,-ասում է նա: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն