18 միջազգային ավիաընկերություն չեղարկել է թռիչքները դեպի Թել Ավիվ
Առնվազն 100 հազար իսրայելցի չի կարողանում վերադառնալ երկիր՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին դեպի Իսրայել թռիչքների չեղարկման պատճառով, հայտնել է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։
Նշվում է, որ նրանց խորհուրդ է տրվել մեկնել Հունաստան կամ Կիպրոս՝ տեղական օդանավակայաններից դեպի Իսրայել տեղափոխելու համար։ Երկրի ազգային ավիափոխադրող El Al-ը շարունակում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և իր չվացուցակում կավելացնի հինգ լրացուցիչ չվերթ՝ օգնելու երկրի քաղաքացիներին վերադառնալ հայրենիք:
Իսրայելի ԱԳՆ-ն գործարկել է հատուկ առցանց ծառայություն, որի միջոցով մարդիկ կարող են հայտնել իրենց գտնվելու վայրի մասին և ստանալ լրացուցիչ խորհրդատվություն երկիր վերադառնալու վերաբերյալ:
Իսրայելական The Times of Israel թերթի տվյալներով՝ առնվազն 18 միջազգային ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Թել Ավիվ։ Դրանց թվում են Aegean (Հունաստան), Air Europa (Իսպանիա), Air India (Հնդկաստան), Delta (ԱՄՆ), Ethiopian Airlines (Եթովպիա), Fly Dubai (ԱՄԷ), Iberia Express (Իսպանիա), ITA (Իտալիա), KLM (Նիդեռլանդներ), LOT (Լեհաստան), United Airlines (ԱՄՆ), Vueling (Իսպանիա) և Wizz Air (Հունգարիա): Բացի այդ, գերմանական Lufthansa ավիաընկերությունը, ինչպես նաև նրա կազմում գտնվող Swiss Air-ը, Austrian Airlines-ը, Brussels Airlines-ը և Eurowings-ը նույնպես չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել։
Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացում սկսվել է վերջին օրերին՝ Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի և Բեյրութում շիական Հեզբոլլահ շարժման ռազմական թեւի հրամանատարներից Ֆուադ Շոկրի զոհվելուց հետո։ ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի: Ըստ Axios պորտալի՝ ամերիկյան և իսրայելական կողմերը չգիտեն, թե արդյոք Իրանն ու շիական «Հեզբոլլահ» շարժումը համատեղ գործողություն կիրականացնեն, սակայն պորտալի աղբյուրները հայտնել են, որ հարձակումը սպասվում է երկուշաբթի օրը։