Մի քանի օր է՝ ռուս–վրացական սահմանին կամ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային անցակետում կիլոմետրերի հասնող հերթեր են։ Ռուսական կողմում այս պահի դրությամբ 1000-ից ավելի հայկական բեռնատար է սպասում սահմանը հատելուն։ Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ հերթերը նախ սեզոնային, հետո նաև տեխնիկական պատճառներ ունեն։ Փորձագետներն էլ Լարսի ծանրաբեռնվածության մեջ նաև քաղաքական դրդապատճառներ են տեսնում։

Վերին Լարսի անցակետը բաց է, աշխատում է առավելագույն թողունակությամբ, բայց գերծանրաբեռնված՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Այս պահի դրությամբ անցակետի ռուսական կողմում հայկական ավելի քան 1000 բեռնատար է կանգնած, որոնք սպասում են իրենց հերթին։

«Հերթերում սովորաբար շուտ փչացող բեռներ տեղափոխող բեռնատարներն ու գազատարները առավելություն ունեն, բայց հիմա նույնիսկ իրենք են ստիպված հերթերում երկար կանգնել ու սպասել»,– մանրամասնում է Հակոբյանը։

Հյուսիսային Օսեթիայի էլեկտրոնային հերթերի կառավարման համակարգում այս պահին գրանցված մոտ 4500 բեռնատար կա, որոնք կուտակումների պատճառով չեն կարողանում անցնել սահմանը։ Վահան Հակոբյանը բացատրում է՝ պատճառը հիմնականում սեզոնային է, բացի դա ավելի վաղ հայտնել էին, որ վրացական կողմում նաև տեխնիկական վերազինման աշխատանքներ էին․ օգոստոսի 5-ի գիշերը անցակետը մոտ 9 ժամ չէր աշխատում։ 



«Անցակետերը հիմա աշխատում են իրենց առավելագույն թողունակությամբ, պարզապես այս պահին, զբոսաշրջային սեզոնով պայմանավորված, թեթև մարդատար մեքենաների հոսքը անգամներով մեծացել է, ու անցակետերը չեն հասցնում այդ հոսքը սպասարկել, մասնավորապես, վրացական կողմի մոտ է ավելի մեծ խնդիր»

Խցանումը մոտ 6-7 կմ է ձգվում, ռուս–վրացական սահմանը չեն կարողանում հատել նաև թեթև մարդատար մեքենաները՝ պատմում է Հայաստանի մաքսային կցորդը։

«Այս կուտակումները հիմնականում ռուսական կողմում են, վրացական կողմում տարբեր ժամերի կարող են լինել փոքր կուտակումներ, դրանք հիմնականում կապված են լինում չեզոք գոտում կուտակումների հետ, որը նույնպես պատճառ է նրա, որ վրացական կողմը չի հասցնում արագ ընդունել Ռուսաստանից եկող հոսքը»,– մանրամասնում է մաքսային կցորդը։

Ռուս– վրացական սահմանը, կամ հատկապես Վերին Լարսի անցակետը Հայաստանի ու հայկական տնտեսության համար անփոխարինելի նշանակություն ունի։ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային անցակետում տեղի ունեցողը միանգամից անդրադառնում է տնտեսության տարբեր ոլորտների վրա՝ նկատում է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Նա տեխնիկական կամ մեխանիկական խնդիրներից զատ նաև այլ ասպեկտներ է տեսնում։



Ամեն դեպքում, օգոստոսը ավանդաբար շատ դժվար ամիս է, բայց հիմա զբոսաշրջային ու սեզոնային խնդիրներին գումարվել են նաև տեխնիկական խնդիրները և, դեռ ավելին, հայկական բեռները մի քանի անգամ ավելի հաճախ են ուղարկվում լաբորատորիա՝ որակի վերահսկողության հետ կապված փորձաքննության։ Նախկինում, եթե 10 բեռից մեկն էին ուղարկում փորձաքննության, հիմա 10-ից 5-ը, թե՛ գյուղմթերքը, թե՛ հատկապես խմիչքը»,– ասում է Էմիլ Ստեփանյանը։

Հայկական բեռները ռուսական անցակետում խնդիրներ ունեցան անցած ամսվա կեսին․ ռուսական կողմը արտահանվող պտուղ- բանջարեղենի մեջ խախտումներ էր գտել։ Խնդիրի լուծումը դեռ բանակցությունների փուլում է․ մինչ այդ Էմիլ Ստեփանյանը նկատում է՝ այն ինչ կատարվում է Լարսում քաղաքական իրադարձությունների ուղիղ հետևանք է։ Դժվար է պնդել, որ այժմյան կուտակումների հիմքում քաղաքական որոշում է, բայց դա նրբություն է, որի մասին մոռանալ պետք չէ՝ ասում է փորձագետը։

«Երբ տարիներ առաջ Թուրքիայում խոցվեց ռուսական օդանավ, թուրքական լոլիկում թունավոր վտանգավոր նյութեր հայտնաբերվեցին ու արգելեցին թուրքական լոլիկի ներմուծումը։ Այդ դեպքում էլ ոչ մեկը չպնդեց, որ դա միանշանակ, քաղաքական որոշում է, բայց բոլորս գիտենք, որ արտաքին առևտուր առանց քաղաքականության, հնարավոր չէ պատկերացնել»։

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմնադիրը բեռնատարների վարորդների հետ զրույցներից է ենթադրում՝ հաճախ սահմանին հենց հայկական բեռներն են ավելի երկար սպասում։ Մինչդեռ Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը վստահեցնում է՝ Լարսի ծանրաբեռնվածությունը հիմա բոլորին է վերաբերում, ազգային խտրականություն կամ առանձնահատուկ վերաբերմունք չկա, հերթը մնում է հերթ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն