ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է մի շարք բուհերի ներկայացուցիչներին, ինչպես նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ղեկավարներին, որոնք նախատեսում են իրականացնել ուսուցիչների վերապատրաստումների գործընթացը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և այլ աշխատակիցներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել վերապատրաստման գործընթացի պատշաճ իրականացումը. «Առարկայական վերապատրաստման գործընթացը վերապահվել է բացառապես բուհերին, քանի որ տվյալ ուսումնական հաստատություններն են շնորհում մանկավարժական որակավորում: Նշեմ, որ առարկայական վերապատրաստման գործընթացը մեկտեղվել է կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների վերապատրաստման գործընթացի հետ: Առաջնային ենք համարում գյուղական համայնքների ուսուցիչների համար գործընթացի հասանելիությունը, ինչպես նաև պատշաճ որակի ապահովումն ու լավ արդյունքը»:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ԿԶՆԱԿ-ի փորձագետներն ուսումնասիրել են բուհերի, ինչպես նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացրած ծրագրերը, և այդ մասով աշխատանքներն արված են: Այս տարի՝ նախորդ տարիների համեմատ, պարտադիր/հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է ուսուցչի կարիքի գնահատման արդյունքի հիման վրա: Առարկայական վերապատրաստումներին մասնակցելու նպատակով, ընդհանուր առմամբ, կարիք է գրանցվել 500 և ավելի ուսուցիչների մոտ՝ բոլոր առարկաների գծով:

Վերապատրաստվող երրորդ խումբը միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն են, որոնց հնարավորություն է տրվել մասնակցելով կամավոր ատեստավորման գործընթացին՝ շարունակել մանկավարժի գործունեությունը դպրոցում:

Կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները, որոնք մարտին լրացուցիչ ատեստավորման են մասնակցել, ըստ Արաքսիա Սվաջյանի, պետության միջոցներով անվճար վերապատրաստման կմասնակցեն, որպեսզի ևս մեկ անգամ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ունենան:

Ներկաներին տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներին բուհական կրթություն ստանալու հնարավորություն է տրվել. հայտագրվել է շուրջ 46 ուսուցիչ:

«Կան մանկավարժներ, որոնք անցել են կամավոր ատեստավորումը, բայց ցանկություն են հայտնել բուհում սովորելու: Սա, իհարկե, ողջունելի է. որքան մեր ուսուցիչներն ուժեղանան, այնքան մեր դպրոցի ու կրթական համակարգի օգուտն է: Բուհերի հետ շուտով պայմանագրեր կկնքվեն, որպեսզի պետության ֆինանսավորմամբ իրականացվի այդ ուսուցիչների կրթության գործընթացը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կամավոր ատեստավորման գործընթացի փոփոխություններին, մասնավորապես՝ այն էլեկտրոնային եղանակով անցկացնելու ձևաչափին: Նրա գնահատմամբ՝ այդկերպ գործընթացն ավելի մատչելի կդառնա, և մասնակից ուսուցիչների համար ավելորդ տագնապն ու դժվարությունները կկրճատվեն:

Հանդիպմանը քննարկվել են նաև վերապատրաստումների անցկացման հայտարարությունների ժամկետների տարածման, սահմանված ժամաքանակի, տեխնիկական բնույթի այլ հարցեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն