Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունեցել «Անպիտան հրթիռների» գործով դատական նիստը։ Ռազմական գաղտնիք չհրապարակելու հիմնավորմամբ դատաքննությունն ընթացել է դռնփակ։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։ Նրանք մեղադրվում են շուրջ 4.5 միլիոն դոլար յուրացնելու մեջ։ Ըստ քրեական գործի` 2018 թվականին բանակի համար ձեռք է բերվել ավելի քան 4 հազար 200 անպիտան հրթիռ։

«Բոլորդ պահանջեք, որ դատական նիստերը լինեն հրապարակային»։

Պաշտպանության նախկին նախարար, «Անպիտան հրթիռներ» անունը ստացած գործով մեղադրվող Դավիթ Տոնոյանն է, որն օրեր առաջ է ազատ արձակվել կալանքից՝ 15 մլն գրավի դիմաց։ Հրթիռների գործով դատաքննությունը 2022 թվականից անցնում է դռնփակ՝ պետական գաղտնիքի հրապարակում թույլ չտալու հիմնավորմամբ։   

Մոտ երեք տարի կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարարը ԱԱԾ մեկուսարանից դուրս  է եկել   երկու անգամ։ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թ-ի օգոստոսի 1-ին և 2-ին երկու ժամով Տոնոյանին թույլ էր տվել ԱԺ այցելել և  մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

44-օրյա պատերազմի օրերին պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պետությունից շուրջ 4.5 միլիոն դոլար յուրացնելու մեջ։ Ըստ քրեական գործի` 2018 թվականին բանակի համար ձեռք է բերվել ավելի քան 4 հազար 200 անպիտան հրթիռ։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ  հրթիռները թե՛ գնման պահին, թե՛ դրանից հետո, թե՛ այսօր կիրառության համար պիտանի են»։

Տոնոյանը հավաստիացնում է՝ գիտի, թե ինչու են իր հետ այդպես վարվել, բայց չի շտապում բացահայտել։

«Ես գիտեմ ինչու։ Չեմ ասի»:

Տոնոյանը դեռևս բանտում գտնվելու ժամանակ հայտարարել էր, որ իր նկատմամբ «քաղաքական հետապնդում է իրականացվում՝ քրեադատավարական փաթեթավորմամբ։

«Այն, ինչ հայտարարել եմ ժամանակին, հիմա էլ ամեն մի բառի տակ կստորագրեմ կրկին»։

Նախկին նախարարն ասում է՝ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ու մտադրություն չունի։

«Մի հարց տամ էլի․ ես այդքան անլուրջ անձնավորության տպավորությո՞ւն եմ ստեղծում։ Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու, դեռևս։ Խոսքը իշխանության համար պայքարի մասին է, թե չէ քաղաքականության մեջ 30 տարի եղել եմ»։

Հիշեցնենք, որ «Անպիտան հրթիռներ»-իգործը քննվում է 2022 թ-ից։ Դրա շրջանակում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին և զենք ներկրող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին։ Նրանք բոլորն ազատության մեջ են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն