ԵԳԱԾ–ը հայտարարում է ակադեմիական գրագրության և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված մրցույթ
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Ակադեմիական գրագրության և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման մրցույթ»։ Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունը։
Մրցույթի նպատակներն են նպաստել գիտահետազոտողների ակադեմիական գրագրության հմտությունների և միջազգային գիտական համայնքների ու գիտնականների հետ հաղորդակցության կարողությունների զարգացմանը, որակյալ հետազոտական նախագծերի և գիտական աշխատանքների պատրաստմանը, գիտական թվային հարթակներում երիտասարդ գիտնականների ներկայանալիության որակի բարձրացմանը։ Ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է երկու միլիոն (2 000 000) ՀՀ դրամ։
Նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել նախագծերին, որոնք վերաբերում են գրագետ գիտական աշխատանքներ գրելուն, գիտական շարադրանքի հմտությունների զարգացմանը, գիտական հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված դասընթացների կազմակերպմանը, գիտաչափության հիմունքների, գիտական շտեմարանների և դրանցից օգտվելու ձևերի հետ ծանոթացմանը և գիտական գործունեության ոլորտում մտավոր սեփականության իրավունքների, գրագողության, գրագողության ստուգման հարթակների վերաբերյալ գիտելիքի տրամադրմանն ուղղված հանդիպումների կազմակերպմանը։
Նախագծի բովանդակությունը և դրա իրականացումը պետք է նախատեսել 12 ամսվա համար։ Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հետազոտական ՀԿ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներ, մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր` տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ ՀԿ-ներից, որոնք կարող են նախաձեռնել դասընթացների կազմակերպումը։ Մրցույթի հայտատուն և խմբի դեպքում նաև անդամները պետք է հանդիսանան ՀՀ-ում մշտապես բնակվողներ կամ ռեզիդենտներ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 29-ը։