Հայաստանում մինչև օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ բոլոր մարզերում իրականացվում է հակահամաճարակային տեղեկատվական աշխատանք:

«Այս պահին նվազման տեմպը բավարար չէ, և կարծում ենք՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաև ապահովենք նվազումը»,- ասաց նա:

Հարցին՝ հիվանդացության թիվը մտահոգիչ չէ՞, նախարարը նախ նշեց՝ այս տարի առաջին անգամ է դեպքերի աշխուժացում նկատվում տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ապա հավելեց. «Հենց սկզբի օրերից պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության սիմպտոմների մասով պրոտոկոլներն ադապտացվել են և ներդրվել են. սա շատ կարևոր է: Եվ, իհարկե, մենք ամեն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի թվերի աճ չունենանք, այլ կարողանանք հակառակը՝ նվազեցնել»:

Հիշեցնենք՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք:

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն