Մեծ աշխատանք պետք է իրականացնենք պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ. Կարեն Գիլոյանն ընդունել է 2024 թ. խաղերի մասնակիցներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պարալիմպիկ հավաքականի մարզիկներին, որոնք Փարիզում մասնակցել են 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Ողջունելով պարածանրորդ Գրետա Վարդանյանին և պարաաթլետ Սմբատ Կարապետյանին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև ՀՀ մարզական պատիվը բարձր պահելու համար: Նրա խոսքով՝ արվել են հետևություններ, որոնք հաշվի կառնվեն հետագայում մասնակցությունն ավելի թիրախային դարձնելու և լավ արդյունքներ գրանցելու առումով:
«Պետք է մեծ աշխատանքներ իրականացնենք պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ»,- նշել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Պարալիմպիկ կոմիտեին խրախուսական պարգևատրում է հանձնել Fastex ընկերության կողմից:
«Fastex ընկերությունը միացել է մարզիկներին ու մարզիչներին օժանդակություն ցուցաբերելու Կառավարության ծրագրին: ՀՀ կառավարությունը վերջին տարիներին բազմապատկել է սպորտի ոլորտի հատկացումները. մեծ ուշադրություն է դարձվում մարզիկներին, մարզիչներին ու բժիշկներին տրվող աջակցությանը: Բայց, իհարկե, անհրաժեշտություն կա նաև հովանավորների ներգրավման: Այս աջակցությունը նախատեսված է Պարալիմպիկ կոմիտեի կարիքների, ինչպես նաև Պարալիմպիկ խաղերին մասնակցած մեր մարզիկների խրախուսման համար»,- նշել է Կարեն Գիլոյանը:
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով՝ հայ մարզիկների գրանցած արդյունքները գոհացնող են:
«Գրետան իր բարձրացրած քաշով Եվրոպայում առաջինն է: Ցավոք, ընտանեկան խնդիրների պատճառով շուրջ 2 ամիս չկարողացավ մարզվել, ինչի պատճառով ավելի լավ արդյունք չստացվեց գրանցել: Սմբատը ֆիզիկապես հոյակապ վիճակում է. լավ մարզվել է, պարզապես իր մարզաձևում վճռորոշ է եղել սայլակի որակը: Մարզիկներ ունենք, որոնք լավ արդյունքներ են ցույց տալիս»,- ասել է Հակոբ Աբրահամյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ պետք է սկսեն նախապատրաստությունը Լոս Անջելեսի 2028 թվականի Պարալիմպիկ խաղերին, որին ավելի մեծ կազմով պետք է մասնակցեն:
Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ միայն համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի:
Հայաստանի պատվիրակության անդամները ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը պատմել են Պարալիմպիկ խաղերից ունեցած տպավորությունների, հայ համայնքի ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:
Պարածանրորդ Գրետա Վարդանյանը 4-րդ անգամ է մասնակցել ամառային Պարալիմպիկ խաղերի և այս անգամ ցույց է տվել իր լավագույն արդյունքը. «Խաղերից յուրաքանչյուրը յուրովի է տպավորվել: Նախքան մրցումներին մասնակցելը երեխայիս առողջության հետ կապված խնդիրներ էին առաջացել, և դժվար էր կենտրոնանալ մարզումների և իմ մասնակցության վրա՝ հաշվի առնելով, որ նաև աշխատանքից չէի կարող երկար բացակայել: Ուրախ եմ, որ կարողացա լավ հանդես գալ, սահմանել անձնական ռեկորդներ՝ բարձրացնելով 114 կգ կշռող ծանրաձողը: Գոհ եմ արդյունքիցս»,- նշել է Գրետա Վարդանյանը:
Գրետա Վարդանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով (104 կգ, 108 կգ, 114 կգ):
Պարաաթլետ Սմբատ Կարապետյանը Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում:
«Առաջին անգամ էի մասնակցում Պարալիմպիկ խաղերին: Տպավորություններս հիանալի են. սա ինձ համար նախևառաջ մեծ փորձ էր: Մինչ այս Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եմ մասնակցել, բայց Պարալիմպիկ խաղերում բոլորովին այլ զգացողություններ ունեցա: Ամեն ինչ սկսվեց հենց օդանավակայանից, որտեղ Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ շուքով ու ոգևորությամբ դիմավորեցին մեզ: Ամեն ինչ արեցինք մեր երկիրը պատվով ներկայացնելու համար: Գոհ եմ, քանի որ մեր կատարած աշխատանքի դիմաց համապատասխան արդյունք գրանցեցինք»,- խոստովանել է Սմբատ Կարապետյանը և տեղեկացրել՝ հոկտեմբերի 7-10-ը ՌԴ Սոչի քաղաքում միջազգային կիսամարաթոնի է մասնակցելու:
Հայաստանի Պարալիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել նաև աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը: