Փարիզում մեկնարկած Sial-2024 սննդի և խմիչքի միջազգային 60-րդ ցուցահանդեսին ներկայացված է 23 հայկական ընկերության արտադրանք
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ Փարիզում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial-2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում և յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:
Ընդհանուր առմամբ, այս տարի «Sial 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։
Ցուցահանդեսին միասնական տաղավարով մասնակցում են նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը: