Արցախի և արցախցիների մասին պատմող վավերագրական ֆիլմը հետ է կանչվել «Օսկար»-ից՝ Ադրբեջանի պահանջով
Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հորդանանից ամերիկյան «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը ուղարկվելու է հորդանանահայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի ֆիլմը։ Կինոհանձնաժողովը ընտրել էր Արցախի և արցախցիների մասին պատմող «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:
Սարին Հայրապետյանը նկարահանումները Արցախում սկսել է 2018թ.-ից։ Ֆիլմը պատմում է 11-ամյա մարտակերտցի Վրեժի մասին, որի միջոցով ներկայացվում է Արցախը՝ 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և հետո, մինչև Ադրբեջանի կողմից հայաթափումը։ Երեկ՝ նոյեմբերի 8-ին, հայտնի դարձավ, որ Հորդանանը հետ է կանչել «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում իր երկրի կողմից ներկայացված «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը։