Առաջարկվում է ՀՀ-ում արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը
Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի և Հասմիկ Հակոբյանի ներկայացրած՝ Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է բնակչության և հատկապես մինչև 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ՝ ասաց հիմնական զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
«Նախագծով հանդես գալու հիմք է հանդիսացել հանրության շրջանում անհանգստությունը՝ կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ: Հարկ է նշել, որ էներգետիկ ըմպելիքները բավական նոր արտադրատեսակներ են, դրանք նման են զովացուցիչ ըմպելիքներին, սակայն որոշակի հավելումներով և կոֆեինի բարձր պարունակությամբ, որն էլ հանդիսանում է այս ըմպելիքի հիմնական բաղադրիչը»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում դպրոցական տարիքի երեխաների առողջապահական վարքագծի հետազոտությունները 2017-2018 թվականներին ցույց են տալիս, որ դպրոցահասակ երեխաների մոտ 15 տոկոսն է շաբաթական մեկ անգամ օգտագործում էներգետիկ ըմպելիք, իսկ արդեն 2022-ի տվյալներով՝ շաբաթական մեկ անգամ էներգետիկ ըմպելիքներ է օգտագործում նրանց 40 տոկոսը:
Առաջարկվում է օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը, ՀՀ-ում արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունները և ոչ պատշաճ գովազդի հեռարձակումը և էներգետիկ ըմպելիքների գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթը, ինչպես նաև սահմանել վարչական պատասխանատվություն նշված սահմանափակումներն ու արգելքները խախտելու համար: