Մրցունակ բիզնե՞ս, թե՞ խնդիրներ՝ բիզնեսի համար․ ի՞ նչ կտա հայ–թուրքական սահմանի բացումը Հայաստանին
2024թ հունվար– դեկտեմբերին Հայաստանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 89 մլն դոլար։ Հայաստանն ավելի շատ Թուրքիայից ապրանք է ներկրել, քան՝ արտահանել։ «Պանելային քննարկում՝ հայ–թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» թեմայով միջոցառման ժամանակ տվյալներն այսօր ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։ Այդ քննարկումը կազմակերպել էին Երևանում հայ–թուրքական հարցերով մասնագիտական հարթակն ու վարչապետի աշխատակազմի հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնը։
Ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը հայ–թուրքական սահմանի բացումը։ Մասնագիտական դաշտում կարծիքները տարբեր են։ ԷՆ տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը տնտեսագիտական փաստարկներն ու ձևակերպումներն է մեջբերում՝ ազատ առևտուրը նպաստում է ռեսուրսների ավելի արդյունավետ տեղաբաշխմանը․
«Հենց որ սահմանը բացվի, մենք կունենանք ազատ առևտուր մի երկրի հետ, որը համարվում է ԵՄ մաքսային միության անդամ։ Առևտրի խոչընդոտները կվերանան, տնտեսագիտության մեջ նշվող բալանսային ծախսերը կվերանան, կմեծանա մրցակցությունը»։
Արդյունքում, ըստ Հայրապետյանի, երկրները կկենտրոնանան համեմատական առավելություն ունեցող ոլորտների զարգացման վրա։ Ալբերտ Հայրապետյանը միջազգային մի քանի կառույցի վերլուծություններն է մեջբերում, ըստ որոնց, Հայաստանի ՀՆԱ–ն սահմանի բացման դեպքում կավելանա․
«ՀՆԱ–ի աճը կկազմի 30 տոկոս, իսկ արտաքին առևտրի դեֆիցիտը կկրճատվի 30–50 տոկոսով։ ՀԲ գնահատականներով՝ արտահանման աճը կարող է հանգեցնել մինչև ՀՆԱ–ի 30–38 տոկոս աճի, արտահանման ներուժի ծավալը կկազմի ՀՆԱ–ի 15–19 տոկոսը։ Գերմանիայի տնտեսական խորհրդատվական կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի արտահանումը Թուրքիա կարող է հասնել ընդհանուր արտահանման 6,7 տոկոսի»։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչը մեջբերում է ՊԵԿ–ի տվյալները՝ 2024թ դեկտեմբերի տվյալներով Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 89․3 մլն դոլար։ Հայաստանը ավելի շատ Թուրքիայից ապրանք է ներկրել, քան՝ արտահանել՝ ասում է Ալբերտ Հայրապետյանը։ Ներկրվել է հիմնականում տեքստիլ արտադրանք, նավթ–նավթամթերք, օդորակիչ սարքեր, Հայաստանից արտահանվում է չմշակված կապար, կենդանական ծագման նյութեր։
Այս հարցը Հայաստանի փորձագիտական դաշտում նույնպես վերլուծել են։ Սոցիալ–տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ մի քանի դիտանկյունից են վերլուծել՝ արտաքին առևտուր, տնտեսական ու միջազգային տարբեր ծրագրեր, քաղաքական ասպեկտ․
«Գլոբալ առումով կարճաժամկետ հատվածում սահմանի բացումը ռիսկային է, երկարաժամկետում այդ ռիկսերը կարող են նվազել»։
Շինարարություն, գյուղատնտեսություն, հյուրանոցային բիզնես ու անշարժ գույքի շուկա՝ տնտեսագետ Մակարյանը կարծում է, որ սահմանը բացվելիս ամենառիսկայինը այս ոլորտներն են։ Էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը գյուղոլորտում իրականացվող ծրագրերն ու ներդրումներն է մատնանշում։ Դրանք ուղղված են մրցունակ գյուղմթերք ունենալուն՝ ասում է։ Ընդհանրացնելով, նշում է՝ սահմանը բացելու դեպքում բիզնեսում մրցակցությունը կավելանա․
«Մենք չպետք է մտածենք, որ միշտ լինելու են ջերմոցային պայմաններ։ Այլապես մեր բիզնեսը չի մոտիվացվի, եթե մրցակցություն չլինի։ Բիզնեսը չի մոտիվացվի դեպի արդյունավետություն, կառավարչական ինովացիաներ, չի մոտիվացվի դեպի ավելի նոր մտածողություն որդեգրել բիզնեսի փիլիսոփայության մեջ»։
Մակարյանն ընդգծում է՝ դեպի Թուրքիա ոսկու արտահանման ծավալները նվազել են։ Բայց դա ավելի շատ ժամանակավոր երևույթ է։
Թուրքական ապրանքների այն քանակը, որը այժմ էլ ներկրվում է երրորդ երկրների միջոցով, կպահպանվի՝ կարծում էՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին փոխնախարար Մովսես Ձավարյանը։ Բայց և առաջարկում է խնդրին իրատեսորեն նայել․
«Մեզ համար Թուրքիան այսօր շատ կարևոր նշանակություն ունի։ Բայց եկեք ռեալ նայենք՝ սահմանը բացվելու համար մեզանից քիչ բան է կախված»։
Ոչ միայն սահմանի, այլև Մարգարայի անցակետի բացումը միայն Հայաստանից կախված չէ՝ արձանագրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա հիշեցնում է, որ վարչապետի հետ այցելել է Մարգարայի անցակետ, որտեղ շինարարական աշխատանքները ավարտված են․
«Բացմանը պատրաստ վիճակ է, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից»։
Հայաստանն ունի արտաքին առևտրի պետական կարգավորման բոլոր անհրաժեշտ գործիքները՝ վստահեցնում է ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման ու հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտրիոսյանը։ Թե ո՞ր գործիքը որտե՞ ղ ու ե՞ րբ կկիրառվի, արդեն երկրի տնտեսական քաղաքականությունը որոշողների դաշտում է՝ ընդգծում է պաշտոնյան։