ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագրեր, որոնցով մինչև ապրիլի 2-ը Կանադային և Մեքսիկային ազատել է ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա Ազատ առևտրի համաձայնագրով (USMCA) սահմանված ապրանքների մաքսատուրքերից: Ինչպես նշել է նա, այդ օրվանից հետո նման զիջումներ էլ չեն լինի։

ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ ամսաթվից հետո Միացյալ Նահանգները մաքսատուրքեր կսահմանի այլ երկրների ապրանքների վրա՝ համաձայն այն մաքսատուրքերի, որոնք կիրառվում են ամերիկյան ապրանքների վրա։

Նա նշել է, որ իր վարչակազմը չի նախատեսում տուրքերի ներդրման հետաձգումներ կամ ճշգրտումներ: Նրա խոսքով, միակ բացառությունը եղել է ավտոմոբիլային արդյունաբերությունը՝ նախօրեին ստորագրվել է ավտոարտադրողներին լրացուցիչ մաքսատուրքերից 30 օրով ազատելու մասին հրամանագիրը։ «Սա ընդամենը կարճաժամկետ լուծում է, քանի որ դա կվնասի ամերիկյան ավտոմոբիլային ընկերություններին»,- ասել է Թրամփը:

Մարտի 5-ին ԱՄՆ-ն մեկ ամսով կասեցրել է երկիր ներմուծվող մեքենաների մաքսատուրքերը՝ ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում: Թրամփը որոշումը կայացրել է General Motors, Ford և Stellantis ավտոարտադրողների խնդրանքով։

Փետրվարի 1-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու մասին։ Չինաստանից ներմուծման 10 տոկոսի չափով մաքսատուրքերն ուժի մեջ էին մտել փետրվարի 4-ին, իսկ կանադական ու մեքսիկական արտադրանքի համար մեկ ամսով հետաձգվել էին այդ երկրների ղեկավարության հետ բանակցությունների պատճառով։

Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրքեր էր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների համար, ինչպես նաև բարձրացրել էր Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը՝ 10%-ից հասցնելով 20%-ի։ Կանադան պատասխան տուրքեր էր սահմանել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն