Մարսելո Վենդեն դեսպան Դըկոտինյիին է ներկայացրել օդանավակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները
Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի հետ շրջայց է կատարել օդանավակայանի տերմինալում:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ Մարսելո Վենդեն դեսպանին է ներկայացրել վերջերս օդանավակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, մեկնման սրահում ֆրանսիական IDEMIA Smart Identity ընկերության կողմից տեղադրված նոր համակարգերը (օդանավակայանի անձնակազմի համար դեմքի նույնականացման համակարգեր, ավտոմատացված մուտքեր ուղևորների համար): Վերջինս մաս է կազմում կոնսորցիումի, որը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրին, և նշված համակարգերի տեղադրումը նպատակ ունի դյուրացնել սահմանահատման գործընթացները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր: