Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայով ԱՄՆ մեկնողներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ֆեյսբուքի իր էջում արված հայտարարությամբ, զգուշացնում է վիզայով ԱՄՆ մեկնող քաղաքացիներին։ Ըստ հրապարակման՝ «եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք»։
Դեսպանատնից հայտնում են, որ հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։
Դեսպանատնից անդրադարձել են նաև խարդախությամբ վիզա ստացողներին։
«Վիզաներին առնչվող խարդախությունները դաշնային օրենսդրության ներքո քրեորեն պատժելի արարքներ են, որոնցից բխում են լուրջ հետևանքներ։ ԱՄՆ դիվանագիտական անվտանգության ծառայությունն այս դեպքերով իրականացնում է համակողմանի քննություններ՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները և ապահովելու վիզաների գործընթացի վստահարժանությունը։ ԱՄՆ վիզաների մասով սահմանված պահանջներին հետևելը ձեր պարտավորությունն է»,- ասված է հայտարարության մեջ։