2025 թվականի հունվարից հունիս ամիսների համար պլանավորված 45 մլրդ 108 մլն 792 հազար 300 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 մլրդ 939 մլն 589 հազար 200 դրամը, կատարողականը՝ 88.5%, թերակատարումը՝ շուրջ 5 մլրդ դրամ: Թերակատարման հիմնական պատճառը մետրոպոլիտենի հավաքագրված ուղեվարձի՝ շուրջ 3 մլրդ դրամ թերակատարումն է։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճշգրտեց՝ դա մետրոպոլիտենի թերհավաքագրումը չէ, այդ 3 մլրդ դրամն ավտոբուսի փոխադրավարձի մասով թերհավաքագրումն է:

Անդրադառնալով թերհավաքագրված գումարին՝ քաղաքապետն ընդգծեց՝ հաջորդ քայլով պետք է աշխատել փոխադրամիջոցներում հավաքագրումն էականորեն բարելավելու ուղղությամբ, ապա, դիմելով Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին, ասաց. «Մենք օրենսդրությունն արդեն ունեք: Ակնկալվում է, որ դուք շուտով ներկայացնեք աշխատանքային ձեր ծրագիրը, թե ինչպես ենք անում, որպեսզի արագ անցնենք ավելի բարձր արդյունավետությամբ հավաքագրման»:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի տուգանք սահմանելու նախագիծը: Ըստ նախագծի՝ եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15 հազար դրամի տուգանք, իսկ եթե ունի արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել, ապա՝ 3000 դրամ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն