Փոքր հասարակություններում քաղաքական վստահությունը հաճախ կառուցվում է ոչ միայն առաջնորդի խոսքի, այլև նրա շուրջ ձևավորված միջավայրի վարքագծի հիման վրա
Այսպիսով մտնում ենք ֆինալ:
Երբ վերջերս հրապարակումներիցս մեկում անդրադառնում էի երկարատև քարոզարշավի ընթացքում «երկրորդ շնչառության» ձևավորման և դրա միջոցով էլեկտորալ բեկում առաջացնելու հնարավորությանը, նկատի ունեի հենց այս փուլը։ Ներկայումս մենք գտնվում ենք այդ փուլում՝ այն ժամանակահատվածում, երբ ընտրողը սկսում է ավելի քիչ ուշադրություն դարձնել խոսքին և առավել ուշադիր հետևել վարքագծին և հետնաբեմի խոսակցությանը և հենց այդ հիմքով ձևավորում կարծիք: Հայաստանում ամենաուժեղ PR-շիկը «գնչուական փոստն է» (цыганская почта):
Այս առումով կա մի կարևոր հանգամանք՝ որևէ քաղաքական ուժի մոտ այդ երկրորդ շնչառությունը դեռևս իրականում չի ձևավորվել։ Դեռևս ոչ ոք չի կարողացել ստեղծել այնպիսի հոգեբանական, քաղաքական կամ հանրային ներգրավվածության ալիք, որը ընտրողին կստիպի արձանագրել՝ «այստեղ ինչ-որ բան փոխվել է»։
Հետևաբար, ընդդիմության համար ստորև ներկայացվող դիտարկումները, իմ համոզմամբ, առանձնահատուկ կարևորություն ունեն։ Դրանք բխում են հայ ընտրողի մտածողության առանձնահատկություններից, փոքր հասարակության հոգեբանական կառուցվածքից և քաղաքական ընկալման յուրահատկություններից։
Նախ Հայաստանը փոքր երկիր է, և այդ փոքրությունն ունի ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքական, սոցիալական և մենթալիտետային արտահայտություն։ Մեծ երկրի և բազմամիլլիոնանոց հասարակությունների քաղաքական P.R. ունիվերսալ վարժությունները այստեղ բացարձակ չեն աշխատում:
Փոքր երկրներում մարդիկ ճանաչում են միմյանց։ Տեղեկատվությունը, բամբասանքը, կասկածն ու միֆը տարածվում է արագ, սակայն դրանից էլ արագ հենց այդ հիմքով ձևավորվում են վերաբերմունքը, վստահությունը, կասկածը և քաղաքական դիրքորոշումները։ Այստեղ մարդիկ ոչ միայն լսում են, այլև դիտարկում և երբեմն նույնիսկ առավել շատ դիտարկում են, քան լսում։
Երբ քաղաքական ուժը փորձում է համոզել հանրությանը իրեն վստահել, ընտրողը նախ և առաջ չի կենտրոնանում միայն բեմի, կարգախոսների կամ բարձրաձայն հռչակվող արժեքների վրա։ Նա ուշադրություն է դարձնում այն մարդկանց, որոնք կանգնած են այդ խոսքի հետևում կամ կողքին։ Ինչպե՞ս են նրանք դրսևորում իրենց, ինչպիսի՞ ներգրավվածություն ունեն, ինչպիսի՞ լեզու են օգտագործում, ինչպե՞ս են արձագանքում բարդ իրավիճակներում, ի՞նչ են ասում հրապարակային խոսքից դուրս և ինչպիսի՞ վարքագիծ են ցուցաբերում։
Փոքր հասարակություններում քաղաքական վստահությունը հաճախ կառուցվում է ոչ միայն առաջնորդի խոսքի, այլև նրա շուրջ ձևավորված միջավայրի վարքագծի հիման վրա։ Մարդիկ եզրակացություններ են անում ոչ միայն այն բանից, թե ինչ է ասվում, այլ հատկապես այն հանգամանքից, թե որքանով են այդ խոսքերը մարմնավորվում շրջապատող մարդկանց վարքում։
Հետևաբար, եթե ցանկանում եք, որ ձեզ վստահեն, նախ անհրաժեշտ է, որ ձեզ վստահի ձեր շրջապատը՝ լայն և նեղ, ընկերական, բարեկամական, գործընկերային ու մեր երկրի պարագայում քավոր սանիկական, ինչպես նաև այլ սոցիալական կապերով ձևավորված այն միջավայրը, որը տարիներ շարունակ եղել է ձեր կողքին։ Քանի որ հենց այդ միջավայրի վարքագիծը, գործունեությունը, ներգրավվածության մակարդակը, լռությունը կամ ներկայությունը, վստահությունն ու պատրաստակամությունն են հանրության համար դառնում առաջին ազդակն ու սոցիալ-քաղաքական չափանիշը։
Ընտրողն առաջնորդվում է բավականին պարզ, սակայն ազդեցիկ հոգեբանական տրամաբանությամբ: Եթե ամենամոտ շրջանակները լիարժեքորեն չեն կանգնում որևէ ուժի կողքին, կիսում ռիսկը ապա ինչո՞ւ պետք է անծանոթ ընտրողը նույն վստահությամբ աջակցի նրան։
Եվ հենց այստեղ է, իմ կարծիքով, ընդդիմության վերջին փուլի հիմնական բաց թողնված հնարավորությունը։ Քարոզարշավի եզրափակիչ փուլում ընտրողին այլևս դժվար է տպավորել միայն ելույթներով, տեսանյութերով, հանրային կապերի գործիքներով, համերգներով կամ բարձր լոզունգներով։ Հանրությունը հոգնել է խոսքերից և փնտրում է ապացույցներ։ Այդ ապացույցը պետք է դառնա ոչ թե հերթական կարգախոսը, այլ տեսանելի և համոզիչ իրականությունը։ Այլ կերպ ասած՝ համոզիչ ֆակտորը լինելու է այն, թե ով ինչքան է «վիզ դնում» արդյունքի համար առանց ռիսկ հաշվի առնելու:
Եթե ցանկանում եք ձևավորել այդ «երկրորդ շնչառությունը», անհրաժեշտ է հանրությանը շատ տեսանելի դարձնել ձեր շուրջ համախմբված մարդկանց հավատը, ներգրավվածությունն ու պատրաստակամությունը։ Խոսքը ոչ թե ձևական և ֆորմալ աջակցության, այլ ընդհանուր ճանապարհի բեռը կիսելու ձիգ պատրաստակամության մասին է այլևս ռիսկեր չհաշվելով այլ բեկման միտումով:
Հանրությունը պետք է տեսնի, որ մարդիկ չեն միացել միայն ներկայություն ապահովելու կամ լուսանկարվելու նպատակով, այլ կանգնած են պատասխանատվությամբ, ռիսկի գիտակցմամբ, ներքին համոզմամբ և դժվարությունների բեռը կիսելու պատրաստակամությամբ։
Փոքր երկրներում սա ամենաուժեղ ազդակներից մեկն է։ Երբ ընտրողը տեսնում է, որ որևէ ուժի շուրջ ձևավորվում է իրական ներգրավվածության, փոխադարձ վստահության և համատեղ պատասխանատվության միջավայր, սկսում է գործել սոցիալական ձգողության մեխանիզմը՝ «եթե այսքան մարդ այս աստիճան համոզվածությամբ կանգնած է, գուցե այստեղ իսկապես ուժ կա մինչև վերջ գնացող այլ ոչ թե կորուստ հաշվող»։
Սա քարոզչական հնարք չէ, այլ հոգեբանական և քաղաքական մեխանիզմ։
Եթե շրջապատը թերանում է, լուռ է, պասիվ է, պատրաստ չէ կիսել ճանապարհի բարդությունները, ստանձնել ռիսկ, կրել կորուստներ կամ ամբողջական ներգրավվածություն ցուցաբերել, ապա նույնը ակնկալել սովորական ընտրողից չափազանց դժվար կլինի։
Հիշեք՝ Հայաստանը փոքր երկիր է։ Այստեղ մարդիկ հաճախ նախ չեն վստահում խոսքին։ Նրանք նախ դիտարկում են՝ ովքեր են կանգնած ձեր կողքին, որքանով են կանգնած և ինչ գին են պատրաստ վճարել այդ դիրքորոշումը պահպանելու համար։
Երկրորդ շնչառությունը կարող է ձևավորվել հենց այստեղ՝ այն պահին, երբ ընտրողը ոչ թե հերթական խոստումն է լսում, այլ առաջին անգամ զգում է, որ ինչ-որ տեղ մարդիկ արդեն իրենց վարքով սկսել են հավատալ, գնալ հետևից և բեկման, փոփոխության տրամադրությունն ու էներգիան այլևս զգալի ու տեսանելի է քաղաքում, գյուղում և միջավայրերում:
P.S. Հաղթական ֆինալ







































