Կասեք, դուք ձեր երազանքը չեք վաճառում, հնարավոր է, գուցե անհատական իմաստով, այդպես է, իսկ՝ համընդհա՞նուր, իսկ՝ համազգա՞յին մակարդակում մենք արդյո՞ք չենք վաճառում մեր համազգային, համընդհանուր երազանքը։ Կասեք՝ մենք չենք վաճառում, նիկոլն է վաճառում։

Համամիտ եմ։

Ուրեմն՝ հարց՝ իսկ ես ի՞նչ եմ անում, որ չկարողանա վաճառել, դու ի՞նչ ես անում, մենք բոլորս միասին ա՞նում ենք մի բան, որ թույլ չտանք այդ վաճառքը կատարվի։

Ութը տարի եւ ավելի մենք ականատեսն ու վկան ենք այս խայտառակության, մենք արձանագրողն ու դժգոհողն ենք մեր երազանքի գռեհիկ վաճառքի։

Հիշեք, մեր ազգային երազանքը իրականություն դարձավ, հայ մարդը Արցախն ազատագրեց, շենացրեց, նստեց աշխարհի տերությունների կողքին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանեցինք, տեր եղանք, գրեթե հասնել էինք մեր գերագույն նպատակին։ Բայց, եղավ 2018-ը եւ մարդիկ, մոռացան ընդհանուր, համազգային երազանքը, գնացին ստի, նախանձի, մանիպուլյացիայի, ստամոքսի եւ պոռոտախոսության հետեւից, մի գյորմաիշ-չարչու, մի ծախվածի կարգեցին վերին արտի ցորեն ու մայիս մասին ձյուն բերեցին Երեւան, կարծեմ Բյուրականի սարերից բերեցին ու խելահեղ խնճույք սարքեցին, ջահել տղերք, պատանիներ, մահվան դագաղներ պարեցրին մայրաքաղաքի փողոցներում, ողջերի դագաղներ։ 2020-ին էդ ջահելները դարձան թշնամու մսաղացի զոհ։

Եռաբլուրը վկա։

Կասեք՝ ի՞նչու չես մոռանում, մոռացիր։

Չի ստացվում, որովհետեւ մոռացվելիք չէ, որովհետեւ մահերով եկածները դեռ մահ են սփռում։ Վաճառքի են հանել մեր բոլորի ազգային երազանքը՝ պետություն ունենալու, Արցախ ունենալու, ազգային արժանապատվություն ունենալու, իրականություն դարձրած երազանքը։

Դե, կրկին հարց տանք ինքներս մեզ՝ ի՞նչ կմնա մեզ, եթե վաճառքի է հանված մեր երազանքը։

Իսկ ի՞նչ կմնա քեզ, եթե դեռ թույլ ես տալիս, որ վաճառեն քո երազանքը՝ Արցախն ու Հայաստանը, արժանապատվությունն ու պետությունը։ Իսկ ի՞նչ ես կոչվելու դու, ի՞նչ ես թողնելու քո երեխային, թոռանը։

Բայց, երեւի սա անկարեւոր է։ Էմոցիա է, զուտ։

Դուք մի շեղվեք, սպասեք ՍԴ որոշմանը, ճառեք,խելացի բաներ ասեք, գնացեք միայն մեկ ճանապարհով, ծեծված արահետով, որը վաղուց պարզ է՝ տանում է ոչ մի տեղ։

Դուք, մենք, բոլորս միասին անգամ չենք փորձում որոնել, էլ չեմ ասում՝ գնալ մեր ազգային երազանքի հետեւից։

Ձեր ստամոքսները գիշերները ցա՞վում են։

Գուցե անկանոն եք սնվում։ Կամ, գուցե ստամոքսը չէ։

Կա՞րող է ձեր սիրտն է ցավում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ