Սրբազանների ծանր խաչը. Հակոբ Բադալյան
Դատարանն օրերս վերացրեց Միքայել Սրբազանի կալանքը: համացանցում հայտնվեց նրա ու Բագրատ Սրբազանի ջերմ գրկախառնությունը: Այն հիշեցրեց Սրբազան շարժման օրերը, երբ Բագրատ Սրբազանն էր այցելել Գյումրի, այնտեղ արժանանալով Միքայել Սրբազանի ընդունելությանը՝ առաջնորդարանում:
Միքայել եւ Բագրատ Սրբազանները՝ ամեն մեկը յուրովի, եւ նաեւ որոշակի իմաստով երկուսով՝ դարձան «բազմանիստ» խորհրդանիշներ: Բայց, կարծում եմ, որ նրան շուրջ այս ընթացքում կուտակվել է չափից շատ էմոցիա: Էմոցիա, որը իրականում ոչ թե բացում, այլ փակում է այն ներուժի ճանապարհը, որ հանրային օգտակարության իմաստով ունեն երկու Սրբազանները: Օգտակարությունը մեղմ է ասված՝ հանրային մեծ առաքելության ու ծառայության, անգամ՝ վերդավանական առաքելության ու ծառայության իմաստով:
Գործնականում, կարծում եմ նրանց հանդեպ ուշադրության որակը՝ իհարկե գուցե զգալիորեն օբյեկտիվ հանգամաքների բերումով, չափազանց նեղացնում ու կարծրացնում է, էմոցիայից անդին՝ անգամ հասարակացնում է այդ առաքելությունն ու ծառայությունը, դրա պոտենցիալը:
Պետք է դուրս բերել Սրբազաններին հանրային էմոցիայի այդ «բանռից»: Թող չհնչի կոպիտ, կամ չտա թյուրիմացության տեղիք, բայց նրանք «բանտված» են հանրության այդ էմոցիոնալ գրկում, ու նրանց գործոնի ուժն էլ հետը:
Նախ, պետք է բացառել նրանց որեւէ կապակցումը քաղաքական պրոցեսներին: Սա չեմ ասում այն մտայնությունից ելնելով, թե հոգեւորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Հարցը բացարձակապես այդտեղ չէ:
Հայաստանում փոխվել է քաղաքական իրավիճակ, զգալիորեն, մեծապես՝ Սամվել Կարապետյանի մուտքով: Նա իր վրա է վերցրել մեծ հանձնառություն, եւ ինչ որ իմաստով նաեւ «ազատել» է Սրբազաններին այն բեռից, որ նրանց վրա մնացել էր միջանկյալ մի ժամանակահատվածում: Նրանք այդ բեռը՝ յուրաքանչյուրը յուրովի, ստանձնել են պատվով ու հոժարությամբ, ստանձնել են համարձակությամբ ու անմռունչ, ու տարել այն: Բայց, Հայաստանում եւ դրա շուրջ իրողությունների տրամաբանությունը, միջազգային զարգացումների եւ Հայաստանի հանդեպ դրանց ուղղակի, թե անուղղակի պրոյեկցիայի շերտերը պահանջում են առավել համակարգային եւ ինստիտուցիոնալ միջավայյրի ձեւավորում: Այդ հանձնառությունը չպետք է լինի Սրբազանների վրա: Ու դա է, իմ պատկերացմամբ, որ իր վրա վերցրել է Սամվել Կարապետյանը՝ առաջնորդողի, լոկոմոտիվի կարգավիճակով:
Միքայել եւ Բագրատ Սրբազանները պետք է ստանան հանրային վերքաղաքական, արժեքային առաջնորդության միջավայր ու մանդատ, ամեն մեկը յուրովի՝ նաեւ միջակյալ ժամանակահատվածում իրենց հանդեպ կուտակած ուշադրությամբ եւ էներգիայով: Ընդ որում, սա շատ ավելի բարդ առաքելություն է, բայց՝ հենց ՆՐԱՆՑՆ է: Սա է, որ կարող են միայն ՆՐԱՆՔ: Եվ ով կարող է, պետք է օգնի նրանց, ու առաջին հերթին՝ ազատ պահելով էմոցիոնալ «բանտից» ու քաղաքական կապակցվածություններից:
Չեմ մանրամասնում ավելին: Գուցե կլինի նաեւ դրա ժամանակն ու պատեհությունը, բայց ոչ հիմա, ոչ հրապարակավ: Ընդ որում, թե իմ գրառումներում ու մեկնաբանություններում, պարբերաբար եմ խոսել այն մասին, մասնավորապես Միքայել Սրբազանի առնչությամբ, որ անթույլատրելի է նրան «սեղմացնել» քաղաքականության շրջանակով:









































