Մենք հոգնեցինք սխալներն ու ապօրինությունները հաշվելուց, սրանք չհոգնեցին անելուց
Մենք կամաց կորցնում ենք սխալներն ու ստորությունները մերժելու- դատապարտելու ցանկությունը, սրանք ցինիզմի ու անամոթության նոր նշաձողեր են սահմանում...
Ուրեմն իրավաբանությունը, տարրական իրավական հասկացությունները ոչնչացրած իշխանությունն այսօր միջազգային համաժողով էր հրավիրել` եվրոպաներից դատախազներ, ԵՄ, ԵԽ պաշտոնյաներ, դեսպաններ: Մարագոսն էլ մի բոցաշունչ ճառ է ասել, թե Հայաստանը դատական ինչ հրաշք բարեփոխումներ է իրականացնում:
Բայց էս միջոցառման թագուպսակն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի ելույթն է: Հա, էս վերջերս նա տարվել է բառաշինությամբ, 2 օր առաջ Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման մասին էր ասել, թե` եթե վերաբերմունք հայտնենք` կմտնենք Հայոց ցեղասպանության «զենքայնացման» մեջ, երեկ էլ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․ քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» վերնագիրն էին ընտրել...զենքայնացում, զոհակենտրոն
Իհարկե, կարելի է նոր բառեր հորինել, խրթին մտքեր արտահայտել, ձախ ականջն էլ աջ ձեռքով բռնել, որովհետև նպատակը մարդկանց ապուշացնելն ու խաբելն է: Բայց եկեք մարդկային լեզվով վերաշարադրեմ գլխավոր ելույթը:
Ասում է` արդարության ու արդարադատության դեֆիցիտը երկրում պայմանավորված է նրանով, որ ժողովրդի կամքը չի կատարվում` դատարանները չեն կայացնում բավարար քանակի ու բավարար դաժանության դատավճիռներ- վճիռներ, բոլոր ունևորների գույքը չեն խլում, բոլորին չեն ունեզրկում: Ասում է` նախընտրական փուլում մենք հասկացանք, որ ժողովրդի պահանջը դա է: Եթե քննիչ-դատավորները դա չեն հասկացել, ուրիշ ձևով կհասկացնենք...
Ասում է` այն, որ միայն նախկինների ունեցվածքն ենք խլում, մի կարծեք, թե դա անարդար է, դա անում ենք, որ ներկաներին ազդակ ուղարկենք, որ ձեր հետ էլ կարող է նման բան լինել: Եվ արդարության դեֆիցիտը նաև իրավաբանական կրթության մեղքով է` շուտով դրանով էլ կզբաղվենք... (հաջորդ թիրախն իրավաբանականն է):
Ուրեմն այն, որ բերդերում ասեղ գցելու տեղ չկա, աննախադեպ քանակի կալանավորներ կան, դրան գումարած հազար մարդ տնային կալանք է կրում, այս մարդուն չի բավարարում, նա ուզում է ամբողջ ազգը ճաղերի ետևում լինի: Այն, որ ամեն քննիչի ու դատավորի վարույթում հազարավոր գործեր կան ու ոչ մի ժամկետ չեն կարողանում պահպանել, դա էլ ոչինչ: Այն, որ իրական հանցագործները` «բառիգներից» մինչև մարդասպաններ չեն պատժվում, որովհետև ողջ իրավապահ համակարգը ներքաշվել է քաղաքական հետապնդումների, մարդկանց գույքը խլելու, ելումուտը փակելու, գլխներին գործ սարքելու վրա, դա էլ էական չէ:
Էական չէ նաև այն, որ եթե ինչ որ մարդկանց սնանկացնելը հանրային պատվեր է, ապա դա հանրային ամենացածր, ամենաչկայացած, կյանքից «աբիժնիկ» խավի պատվերն է: Եթե անգամ ենթադրեք, որ իր բոլոր ընտրողները դա են պահանջում, դա հասարակության մեծամասնությունը չէ, այլ լավագույն դեպքում` կեսից պակասը:
Եվ վերջապես, ո՞վ ասաց, որ արդարություն ասելով մարդիկ հեղափոխական էքսպրոպրիացիա են հասկանում: Արդարությունն այն է, որ ինքդ ու քո նախարարները մեկուկես միլիոն դրամ պարգևավճար չստանաք, իսկ անապահով քաղաքացու 30 հազարը կտրեք, որ շարասյունդ քաղաքում 200-ի տակ չանցնի ու երթևեկությունը չկանգնեցնեն քո պատճառով: Որ առանց հանրային լսումների օրենքներ ու որոշումներ չընդունեք (օրինակ, 6 ամսից երկար բացակայողներին ընտրելու իրավունքից զրկելու օրենքը), միանձնյա որոշմամբ հայ-ռուսական հարաբերությունները չփչացնես, Արցախի թեման չփակես, Ալիևին Սահմանադրություն փոխելու խոստում չտաս...
Արդարության պահանջը գույքահարկի իջեցումն է, ՏԻՄ ընտրությունների արդյունքները հարգելը ու էլի հազար ու մի բան: Իսկ նախկինների գույքը խլելը բացառապես հանրային պառակտումն ու ատելությունը խորացնելու, քաղաքական հաշվեհարդարի գործիք է, որն արվում է հարուստներին ատող չքավորների, պեռաշկի ուտողների սրտին «մի մատ յուղ» դնելու համար:
Ելույթից հասկանալի է, որ ժողովրդի, լեգիտիմության, արդարության, արդարադատության մասին կեղծ խոսքեր արտասանողն այդ հասկացությունների իմաստն ուղղակի չի հասկանում: Մի նախադասություն էլ ուշադրությունս գրավեց` «Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են կառավարության առաջ, լուծել ենք»:
Եւ նստածներից ոչ մեկը հարց չտվեց` մի երկրում, որտեղ արդարադատության մարմինները հրահանգավորվում են վարչապետի լայվերից ու ստատուսներից, նրա խոսքից են կողմնորոշվում, թե ով է հերթական թիրախն ու հարձակման անցնում, ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել:









































