Մեր ժամանակների Նիկիֆոր Լյապիս-Տրուբեցկոյի «Գավրիլիադան»

(կամ՝ ինչպես և ինչու են արվեստագետները վերածվում մեդիա-ահաբեկիչների)

Ոչ թե «իտալահայ» (ինչպես ինքն է սիրում ներկայանալ), այլ Հայաստանում «ժամանակավորապես» հանգրվանած իտալաբնակ քանդակագործ Վիգեն Ավետիսը կամա թե ակամա ստիպեց մտաբերել հանճարեղ դուետին՝ Իլյա Իլֆին ու Եվգենի Պետրովին։ Եթե այս երկուսն ապրեին նիկոլական «միապետությունում», նրանց երևակայությունը կպարտվեր ներկա իրականությանը, իսկ սրամիտ գրիչը՝ կլռեր կամ կվերածվեր հասարակ սղագրողի, քանի որ մեր կյանքն ինքն է կատարում երգիծաբանին վերապահված ողջ աշխատանքը։

Մերօրյա հանրային դեմքերի հարցազրույցներն ու մտքի «փայլատակումները» ոչ միայն պատրաստի ֆելիետոններ են, այլև կենդանի ապացույց այն իրողության, որ գրական գրոտեսկն ու սատիրան վաղուց դադարել են ստեղծագործական հնարք լինելուց։ Այն, ինչ նախկինում համարվում էր գրական դասական չափազանցություն, ֆանտասմագորիա կամ սուր գրոտեսկ, այսօր հանդիսավորությամբ գաղթել է գրքերի էջերից և դարձել առտնին կյանքի «կարևոր», գրեթե պաշտոնական բաղադրիչը։

Մեր իրականությունը յուրօրինակ հայելի է, որը ջնջել է ոչ միայն ողջամտության և տրագիկոմեդիայի, այլև բանականության և կատակերգության միջև եղած վերջին սահմանները՝ աբսուրդը հռչակելով որպես նոր օրինաչափություն։

Ապրում ենք մի վարչակարգում, որտեղ «12 աթոռի» Նիկիֆոր Լյապիս-Տրուբեցկոյի «Գավրիլիադան», որը գրականության մեջ անսկզբունքայնության, տվյալ պահի հարմարվողականության և պաթոսախեղդ քծնանքի սիմվոլն է, այլևս ծաղրանկար չէ, այլ հանրային քաղաքականության հիմնական ձեռագիրը։

Կարդանք ու մտաբերենք, թե Լյապիսն ինչ պատրաստակամությամբ էր Գավրիլային տեղավորում ցանկացած դերի մեջ՝ կախված պատվերից։ Պետք էր վաճառո՞ղ՝ «Գավրիլան ֆլեյտա էր վաճառում», պետք էր հացթու՞խ՝ «Գավրիլան բուլկի էր թխում»։ Կերպարը չուներ սեփական առանցք, կար միայն տվյալ պահի պահանջը.

Служил Гаврила за прилавком,

Гаврила флейтой торговал…

Կամ՝

Гаврила ждал в засаде птицу,

Гаврила птицу подстрелил…

Եվ վերջապես՝

Служил Гаврила хлебопеком,

Гаврила булку выпекал…

Երբ համադրում ենք դասական գրաֆոմանի կերպարը մերօրյա հանրային, տվյալ պարագայում՝ Վիգեն Ավետիսի «մտքի փայլատակումների» հետ, ի հայտ են գալիս մի քանի ուղիղ և ծիծաղելի նմանություններ.

ա) «Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է» (12 օգոստոսի, 2025 թ․)։

բ) «Փաշինյանը ֆենոմեն է․ այն, ինչ նա է անում հիմա, ոչ մի երկրի ղեկավար չի անում» (16 ապրիլի, 2026 թ․)։

գ) «Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ․ պատժում էին մարդկանց, մնում անպատիժ» (17 հուլիսի, 2026 թ․)։

Այս շարքում երկրորդ մեջբերումն իրականում երկսայրի սուր է՝ դասական սարկազմի փայլուն նմուշ։ Որքան էլ քանդակագործն իր այս «գոհարը» հնչեցնում է որպես երկրպագության ու մեծարանքի ճիչ, հանրային բանականության մեջ այն ակնթարթորեն վերածվում է դաժան հեգնանքի։ Չէ՞ որ «այն, ինչ նա է անում հիմա, ոչ մի երկրի ղեկավար չի անում» արտահայտությունը մեր իրականության մեջ ունի միանգամայն այլ՝ արյունոտ ու աղետալի թարգմանություն։

Իսկապես, ո՞ր երկրի ղեկավարն է ունակ անելու այն, ինչ արեց քանդակագործի կուռք դարձած «ֆենոմենն» այստեղ՝ մեր հայրենիքում։ Արցախի ամբողջական հայաթափում ու հանձնում, Հայաստանի ինքնիշխան տարածքների մաս-մաս զիջում, «Եռաբլուրի» բազմապատկված տարածք, հազարավոր որդեկորույս մայրեր ու հայրենազրկված 150 000 տնանկներ... Եվ ի վերջո՝ Աբովյանի տուբերկուլոզային դիսպանսերի նկուղների հատակին, պլաստիկ պարկերի մեջ նեխող մեր նահատակների մասունքները։ Այս ամենն իսկապես «ոչ մի երկրի ղեկավար չէր անի» սեփական ժողովրդի հանդեպ։

Նիկիֆոր Լյապիս-Տրուբեցկոյն էլ ժամանակին, քծնանքի ու պաթոսի մոլուցքի մեջ, չէր նկատում, թե ինչպես է տափակ տողերով ոչ թե փառաբանում, այլ ակամա ծաղրի ու նվաստացման ենթարկում իր իսկ գովերգած թեմաները։ Բայց եթե այս խաբեբայական՝ պիկարեսկ վեպում դա ընդամենը թղթին հանձնված տգիտություն էր, ապա մերօրյա «լյապիսների» շուրթերին այն վերածվում է սրբապղծության։

Դասական գրաֆոմանի օրինակով՝ ժամանակակից «լյապիսի» համար էլ միակ կենսական խնդիրը պահի կոնյունկտուրային հարմարվելն է, քաղաքական դիվիդենտներ կորզելն ու սեփական՝ «իտալական արտադրության» կոշիկներով իշխանական «Ասողի» աչքը խցկվելը։ Սույն քանդակագործին բացարձակապես չի հետաքրքրում, թե ով է իր կերտած «Գավրիլան» և ինչ ավերածություններ է գործում երկրի գլխին։ Նա ունի պատրաստի, պրիմիտիվ «սխեմա», բայց չունի ո՛չ բարոյական դավանանք, ո՛չ էլ պատասխանատվություն սեփական խոսքի հանդեպ։

Պետք է քաղաքական սիրաշահում ու պնակալեզ քծնա՞նք. նրա «Գավրիլան» ակնթարթորեն կվերածվի «երկրորդ Նժդեհի» ու բացառիկ «ֆենոմենի»։ Պետք է հակառակորդի հրեշացում ու պատվիրված վարկաբեկու՞մ. նույն «Գավրիլան» առանց վարանելու մարդկանց կնետի առյուծների վանդակը՝ սեփական վախերն ու ձախողումները բարդելով ուրիշների վրա։

Լյապիս-Տրուբեցկոյից մինչև Վիգեն Ավետիս ձգվող այս տրագիկոմեդիան պատմության մեջ ոչ մի նոր բան չի հորինել։ Դասական գրականության ֆարսային կերպարները պարզապես փոխել են իրենց կեցության հասցեն՝ «12 աթոռների» հնամաշ էջերից հարմարավետորեն տեղափոխվելով ժամանակակից մեդիադաշտ և իշխանական նախասենյակներ։

Այժմ անդրադառնանք Վիգեն Ավետիսի թերևս ամենավտանգավոր ու նվաստ զրպարտությանը, որի թիրախն այս անգամ Գագիկ Ծառուկյանն է։ Խոսքն առյուծի վանդակ նետված ինչ-որ քանդակագործի «եղերական մահվան» շուրջ հյուսված այն զազրելի առասպելի մասին է, որը հանրության շրջանում կույր ատելություն և թշնամանք գեներացնելու ակնհայտ գերնպատակ ունի։ Սա դասական մեդիա-ահաբեկչություն է՝ զուրկ որևէ իրավական փաստից, պաշտոնական քննությունից կամ տարրական ապացույցից։ Միակ դրդապատճառը հանրային լինչի մթնոլորտ հրահրելն ու մարդուն՝ առանց դատ ու դատաստանի, բարոյական սպանդի ենթարկելն է։

Ամենազավեշտալին ու միաժամանակ ողբերգականն այն է, որ ժողովրդավարությունից, արդարությունից ու իրավական արժեքներից ճամարտակող սույն կերպարը, որը նաև հանրային միջոցներով սնվող «Կրթվելը նորաձև է» նախագծի կարկառուն շահառուներից է, իրականում վերակենդանացնում է 1930-ականների ստալինյան տեռորի ամենամութ ու տհաճ ավանդույթները։ Սա այն դաժան շրջանն էր, երբ մարդուն թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես ոչնչացնելու համար բավական էր ընդամենը մեկ ստահոդ մատնագիր, հորինված բամբասանք կամ քաղաքական կեղծ պիտակավորում։

Առանց փաստերի ու դատարանի վճռի՝ «օդից կախված» զրույցներով հանրային դատաստան կազմակերպելը ոչ թե արդարության փնտրտուք է, այլ կոնկրետ քաղաքական պատվեր կատարողի նպատակային ձեռագիր։ Սա այն նույն սխեման է, որտեղ սեփական խոսքի և սկզբունքների արժեքը բացարձակ զրո է, իսկ պատվիրատուին հաճոյանալու և թիրախին ցեխոտելու մոլուցքը՝ անսանձ։

Զարմանալի չէ, որ լյապիսյան սինդրոմով տառապող սույն կերպարի ստահոդ ու զրպարտչական հայտարարությունն ակնթարթորեն վերածվեց որակյալ «վառելիքի»՝ հատուկ կառավարվող մեդիա-ոհմակների համար։ Ֆեյքերի ֆաբրիկաների և կազմակերպված արշավների հիմնական նպատակը երբեք էլ ճշմարտության բացահայտումը չի եղել. նրանց միակ կերակուրը հանրային ատելության գեներացումն է։ Այդ հարթակներին պետք չեն փաստեր, դատարանի օրինական վճիռներ կամ տուժողի իսկության ստուգում։ Բավական է միայն շահարկել հնչեղ «Ծառուկյան» ազգանունն ու կպցնել «առյուծի վանդակի» էմոցիոնալ պիտակը, որպեսզի կանաչ լույս վառվի անձի թիրախավորման ու հանրային հոշոտման համար։

Ինչպես Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» հեղափոխական խոզերն էին գիշերով նենգաբար փոխում սեփական պատվիրանները (երբ «Չորս ոտքը լավ է, երկու ոտքը՝ վատ»-ն աննկատ դարձավ «Երկու ոտքն ավելի լավ է, քան չորսը»), այնպես էլ այսօր՝ «ժողովրդավարության» ու «խոսքի ազատության» շղարշի տակ, իրականացվում է բացահայտ տեղեկատվական տեռոր։ Արդարադատության հիմնարար սկզբունքները բիրտ կերպով նենգափոխվում են ամբոխահաճո ու դատարկ կոչերով։

Սոցիալական ցանցերը ողողած անեծքներն ու հայհոյանքները, բացահայտ բռնության, ունեզրկման և մարդուն «բոմժ դարձնելու» վայրագ կոչերը լավագույնս են փաստում՝ Հայաստանում ընդամենը «ժամանակավորապես» հանգրվանած իտալաբնակի այս կեղտոտ մատնագիրը դուրս է եկել սովորական հարցազրույցի շրջանակներից։ Սա այլևս ընդամենը խոսք չէ. սա հանրային գիտակցության մանիպուլյացիայի և պետական մակարդակով հովանավորվող լինչի դասական, սահմռկեցուցիչ գործիք է։

Վերադառնալով «մտքի փայլատակումների» առաջին արձանագրությանը՝ հարկ է շեշտել, որ Գարեգին Նժդեհի պես ազգային-պատմական հսկային ժամանակակից կոլաբորացիոնիստի հետ համեմատելը, այն էլ՝ Սյունիքի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական այս աղետալի իրականության ֆոնին, ոչ միայն սրբապղծություն է, այլև իշխանական վերնախավին հաճոյանալու և կառավարական նախասենյակներում մանրադրամի վերածվելու փորձ։

Երբ իրեն «մտավորական-արվեստագետ» հռչակած անհատը պատրաստ է հանուն քաղաքական հարմարվողականության անել նման բարձրագոչ ու տգետ հայտարարություն, նրա մնացած բոլոր «հայտնությունները»՝ ներառյալ առյուծների վանդակի շուրջ հյուսված մռայլ առասպելը, ինքնաբերաբար կորցնում են իրենց տարրական արժանահավատությունը։ Դրանք վաղուց դուրս են փաստերի դաշտից, որովհետև ֆանտազիայի ժանրից հանրությանը միտումնավոր նետված տոքսիկ ծամոն են՝ ուղղված ներսի թշնամիներ փնտրելուն։

Սա հենց այն ժանգոտ, ստալինյան մեխանիզմն է, որով արհեստականորեն ստեղծվում են նոր «սրբություններ» և նոր «հրեշներ»։ Մի կողմից հնչում է անհեթեթ, պաթոսախեղդ փառաբանում, մյուս կողմից՝ թիրախավորված կողմի դիվահարում՝ դարձյալ առանց որևէ ապացույցի։ Ֆեյքերի ֆաբրիկաների և կազմակերպված ոհմակների համար սա իդեալական կեր է՝ տեղեկատվական պատերազմը երկու ճակատով առաջ տանելու համար։

Այս ամենը փաստում է, որ գործ ունենք մեդիա-մանիպուլյացիաների դասական, քրեստոմատիական օրինակի հետ, որտեղ նպատակը ոչ թե արդարության հասնելն է, այլ հանրային դիսկուրսը վերջնականապես ցեխոտելը։ Իսկ բուն շարժառիթը, ինչպես պնդում են ներքին իրազեկ աղբյուրները, սեփական քաղաքական հավակնություններն իրականացնելն է ՝ ցանկացած գնով, թեկուզ բարոյական սպանդի հաշվին, սողալով տեղավորվել ԿԳՄՍ նախարարի փափուկ աթոռին։

Բայց կյանքը բազմիցս է ապացուցել՝ նմանատիպ «լյապիսները» սովորաբար մնում են հենց այնտեղ, որտեղից սկսել են՝ կոտրված տաշտակի ու սեփական աբսուրդի փլատակների վրա։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․1

Իրավական և ժողովրդավարական ցանկացած երկրում նմանօրինակ հանրային հայտարարությունից անմիջապես հետո Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն սեփական նախաձեռնությամբ կհարուցեին քրեական վարույթ։

Ընդ որում՝ իրավապահների ուշադրության կենտրոնում առաջին հերթին կհայտնվեր հենց ինքը՝ «իտալաբնակ» քանդակագործը. եթե պատմությունն իրական է, ապա նա տարիներ շարունակ թաքցրել է ծանր հանցագործության մասին տեղեկատվությունը (ինչը քրեորեն պատժելի արարք է՝ հանցագործության մասին չհայտնելու հոդվածով), իսկ եթե հորինված է, ուրեմն գործ ունենք կազմակերպված սուտ մատնության և դիտավորյալ զրպարտության հետ։

Սակայն, քանի դեռ իրավապահ համակարգը քար լռություն է պահպանում, ակնհայտ է դառնում մեկ պարզ ճշմարտություն. այս ամենը ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության տիրույթում է։

Հ․Գ․2

Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում «Իրատեսի» վաստակաշատ հեղինակ, իմ բազմամյա ընկեր ու բարեկամ Մարտին Հուրիխանյանին՝ երկու օր շարունակ այս հրապարակմանն առնչվող իր առանցքային հուշումների և անգնահատելի աջակցության համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ