Ընտրությունները ոչ մի հարց չլուծեցին, ընտրություններով մեր պետության ներքին ու արտաքին փակուղին ավելի ընդգծվեց. Արմինե Օհանյան
Երբ ասում էինք` Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարելի անդառնալիորեն փչացնել, չի նշանակում Ռուսաստանի համար ուշքներս գնում էր կամ` ռուսական իրականության թերությունները մենք չգիտեինք, կամ` ինքնիշխանության արժեքը ձեր չափ չէինք հասկանում: Ոչ: Ուղղակի հասկանում էինք, որ Ռուսաստանի նման պետության հետ չարժե հարաբերություններ փչացնել: Բայց ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրինակով պատերազմ կհայտարարի, այլ տնտեսական նկատառումներից, նաև` Ռուսաստանում ապրող հայության շահերից ելնելով:
Եթե անգամ մեկ գյուղացի, մի տնտեսվարող, մեկ արտահանող տուժելու էր ձեր պոռոտախոսության արդյունքում և դուք չէիք կարողանալու այդ պոռոտախոսությանը մինչև վերջ «տեր կանգնել», ուրեմն պետք է զերծ մնայիք պոռոտախոսելուց: Այս պարզ կանոնն անգամ շարքային մարդկանց հարաբերություններում է ճիշտ, ուր մնաց պետությունների, առավել ևս Ռուսաստանի դեպքում չգործի:
Երբ ասում էինք` ընդդիմությանը, հոգևորականներին, ձեզ ընդդիմացողներին մի հայհոյեք, մի կալանավորեք, կոռեկտ արտահայտվեք, հանդուրժող եղեք քննադատությանը...ձեր հայհոյախոս թիմակիցներին, կեղծ իրականություն ձևավորող ֆեյքերին զսպեք...չի նշանակում մենք հայհոյել չգիտենք, էմոցիա չունենք, հայհոյանք-լուտանքներով լիցքաթափվելու ձևը չգիտենք: Ոչ: Ուղղակի հասկանում էինք, որ ամեն հայհոյանք անդառնալիորեն ապականելու է երկրի մթնոլորտը, հայհոյանքը դարձնելու է առօրյա շփման ձև, հետո վերածվելու է ծեծի, կրակոցների, վենդետաների...Եվ այդ ատելությունն անգամ ձեր ծեր ծնողներին, նոր ծնվող երեխաներին է վերադառնալու...Եվ դա հասկանալու համար մեծ խելք պետք չէր:
Երբ ասում էինք` գիտելիքների, փորձի, հմտությունների պակասով երկրի կառավարում չեն ստանձնում, երկիր կառավարելը խաղ ու պար չէ, իսկ ցանկություններն ու հնարավորությունները շատ տարբեր բաներ են: Հետո ժամանակի ընթացքում էլ նորանոր զիջումների, զոհողությունների, խարդախությունների ու դավաճանությունների եք գնալու իշխանությունը պահելու համար, մենք պայծառատես չէինք, պարզապես տարրական տրամաբանական շղթա էինք կառուցում:
Որքան էլ Տարոն Աճեմօղլու կարդա, կիրակնօրյա պատարագ լսի, ճնճղուկների կյանքից տեսանյութեր տեղադրի, թատրոն գնա...շատ քիչ մարդու է այլևս հնարավոր համոզել, որ երկրի բնականոն կյանքը շարունակվում է, ամեն ինչ կառավարելի է, կա «խաղաղություն, զարգացում և առաջընթաց»: Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդ է տեսնում այն փակուղին, քաոսը, անկանխատեսելի ապագան, որն ուրվագծվում է առջևում... իրենց գործունեության շնորհիվ:
Փաստ է, որ ընտրությունները ոչ մի հարց չլուծեցին, ընտրություններով մեր պետության ներքին ու արտաքին փակուղին ավելի ընդգծվեց...








































