Արմինե Օհանյանը գրում է. «Գարշելի ժամանակներում ենք ապրում, մանրախնդիր, լկտի ու հաբրգած իշխանությունների օրոք: Ահավոր տխուր է, որ տարրական պարկեշտության և օրինավորության չափանիշներն այնքան են ոչնչացվել, որ մենք ստիպված ենք հանդուրժել այսքան այլանդակություն և դեռ մի բան էլ դրա մասին խոսելիս` հիմնավորել, թե ինչու ենք այդ ամենն այլանդակություն համարում:

Ասենք, այն, որ չի կարելի մարդու մասնավոր սեփականությունը խլել, որ դա ապօրինի է, ո՞ր բարբարոսական երկրում է` առանց դատ ու դատաստանի դա թույլատրված…այն էլ 21-րդ դարում: Մարդկանց ունեցվածքը խլելու վերջին փորձերը երևի 20-րդ դարում են եղել, որոնք հետո դատապարտվել են: Հիմա աշխարհի ամենահետամնաց երկրներում անգամ տվալ երկրի իշխանությունն իրեն թույլ չի տալիս նման վայրենություն, նման լկտիություն, ինչը կատարվում է Գագիկ Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ: Բայց անօրեն ու անամոթ իշխանությունը դա անում է, իսկ մի խումբ տգետ, չար, նախանձ մարդիկ դրան ծափ են տալիս, չհասկանալով, որ դրանով պետության հիմքերն են խարխլվում, և դա որևէ կապ չունի սոցիալական արդարության հաստատման հետ:

Աշխարհի ո՞ր երկրում է հնարավոր, որ ժողովրդի քվեով ընտրված ղեկավարն այսպիսի այլանդակ լեքսիկոն կիրառի, այսքան ապօրինություններ թույլ տա, այսքան ատելություն գեներացնի, մարդու իրավունքներ ոտնահարի, միմյանց հակասող մտքեր արտաբերի, միջամտի իրավապահ համակարգի գործունեությանը: Ընդ որում, մինչև հիմա միայն ամուսինն էր միջամտում իրավապահների գործառույթներին, հիմա կինն էլ է միացել դրան` լսեցի, որ իր հրահանգով խափանման միջոց են փոխել, մարդ են կալանավորել:

Ախր ոչ մի նորմալ երկրում այդ իրավասությունները չունեցող անձինք իրենց թույլ չեն տա նման հրահանգներ իջեցնել (նույնիսկ եթե նպատակը բռնության ենթարկված կնոջը պաշտպանելն է), դա ապօրինի է, դա երրորդ իշխանության` դատական համակարգի իրավասությունների ուզուրպացիա է… ո՞նց բացատրենք, որ սրանց գլուխը մտնի… մարդ նույնիսկ ամաչում է այս տարրական ճշմարտությունները բարձրաձայնելուց…

Ոչ մի երկրի ղեկավար պետական համակարգի աշխատողին «տրոյական ձի» չէր անվանի` նրա ասած մի նախադասության համար, որով վերջինս ընդամենը օրենքն է մեկնաբանել: Մանավանդ երբ ժողովուրդը հենց իրեն է «տրոյական ձի» անվանում, որը 18 թվին մտավ պաշտպանված «ամրոցն» ու դարպասները բացեց թշնամու առաջ` հանձնելով Հող, Ինքնիշխանություն, Արժապապատվություն ու լիքը ուրիշ թանկ բաներ: Իսկ այն, որ Լիպարիտ Դրմեյանը` աշխատանքից հեռանալուց հետո հարել է ընդդիմադիր որևէ ուժի, բնական է և դա նրա իրավունքն է: Գուցե դա համարել է ձեր ազգակործան իշխանությունից երկիրն ազատելու միակ ելքը:

Ոչ մի երկրի ղեկավար այսքան շատ չի խոսում և այսքան շատ չի վնասում իր երկրին, իր արտադրողին, իր հարկատուին, որքան մեր պետության ղեկին հայտնված անձը: Ամեն անգամ երբ նա բերանը բացում է, ես սարսափով սպասում եմ, թե այս անգամ ում տունն է քանդելու, ում է սնանկացնելու, ում է վիրավորելու, Սահմանադրության քանի հոդված է խախտելու…

Մի անգամ դա կլինեն ձուկ արտադրողները, որոնք, պարզվում է` անորակ ձուկ են աճեցնում և ձերդ մեծությունն այն չի ուտում, մյուս անգամ ռեժիսորներն ու դերասանները, որոնք պարզվում է` սխալ բեմադրություն են դրել, երրորդ անգամ լրագրողները, որոնք «տափակ հարցեր են տալիս», չորրորդ անգամ արդարացման դատավճիռ արձակած դատավորը…և ամեն հերթական բլթոցից հետո կհարուցվեն քրգործեր ու կհայտնվեն նրան երկրորդողներ, նրա թիրախներին ատողներ, որոնք ատելություն կտարածեն կոնկրետ անձի կամ խմբի նկատմամբ…մարդկանց բիզնեսը կտուժի, հեղինակությունը կընկնի, որովհետև այդ բլթոցները մի պատահական կիսախելագար կամ մի շարքային սոցիոպատ չի արտաբերում, այլ մի ամբողջ պետության ղեկավար…

ՀԳ. Նկարում միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչներն են` Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմեյանը: Երկուսն էլ հեռացան նույն պատճառով` իրավաբաններ էին, օրենքին էին ծառայում, ապօրինի մեթոդներ նախընտրող, պետությանը վնաս պատճառող իշխանության հետ աշխատել չկարողացան, բայց մեկը լռեց ու չթիրախավորվեց, երկրորդը` երկարամյա դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին, խոսում է, ակտիվ պայքար է մղում, այդ թվում` ՍԴ-ում ներկայացնում էր ընդդիմադիրներին, ուստի հայտնվել է թիրախում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ