ՀԱՊԿ-ի 2016 թվականի հայտարարությունը. ինչո՞ւ էր այն կարևոր և ինչո՞վ էր տարբերվում
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր, իսկ Հայաստանը նախագահում էր ՀԱՊԿ-ը։
Այդ օրերին ՀԱՊԿ-ի արձագանքը պարզապես հերթական «կողմերին զսպվածության կոչ» չէր։
Ապրիլի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շփումից հետո ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը հստակ հայտարարեց, որ «ադրբեջանական կողմի գործողությունները տանում են իրավիճակի և հակամարտության սրման»։ Միաժամանակ ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Սա կարևոր էր հատկապես այն պատճառով, որ խոսքը ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի նկատմամբ քաղաքական և անվտանգային պարտավորություն ունեցող կազմակերպության արձագանքի մասին էր։
Ավելին՝ ապրիլի 15-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ժամանեց Երևան և Սերժ Սարգսյանի հետ քննարկեց ոչ միայն Ղարաբաղյան իրավիճակը, այլև Կովկասի հավաքական անվտանգության գոտում ռազմական անվտանգության հարցերը։
Իսկ ապրիլի 27-ին Բորդյուժան ևս մեկ կարևոր հայտարարություն արեց՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է Հայաստանին առաջին հերթին ցուցաբերեն քաղաքական աջակցություն, իսկ կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամի նկատմամբ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա կազմակերպության բոլոր անդամների նկատմամբ։ Միաժամանակ նա պարզաբանեց, որ 2016-ի Ղարաբաղյան մարտերի դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն չէր խնդրել։
Այսինքն՝ 2016-ին ՀԱՊԿ-ի արձագանքի կարևորությունը միայն մեկ հայտարարության մեջ չէր։ Այն դրսևորվում էր քաղաքական կապի, Երևան այցելության, Հայաստանի ղեկավարության հետ անվտանգության հարցերի քննարկման և Հայաստանի նկատմամբ քաղաքական աջակցության շեշտադրման միջոցով։
Եվ սա տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի նախագահության և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում։
Հետաքրքիր է նաև, որ 2016 թվականի հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքում անդամ պետությունների ղեկավարները վերահաստատեցին Ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։
Այսօր, երբ քննարկում ենք Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների փոփոխությունը, 2016 թվականը պետք է հիշել ոչ թե որպես իդեալական ժամանակաշրջան, այլ որպես մի ժամանակահատված, երբ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև քաղաքական ու անվտանգային կապը շատ գործուն էր և Հայաստանի ղեկավարը վայելում էր ՀԱՊԿ երկրների ղեկավարների հարգանքը:
Հ.Գ Սրանք փաստեր են,որոնք ոչ Արմեն Գրիգորյանը,ոչ որևէ մեկը չեն կարող հերքել,ուզում են հարյուր հատ գիրք գրեն կամ հարյուր հատ հարցազրույց տան:









































