ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավարությամբ, 2021 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում կիրականացնի «Սփյուռքի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից  հայտնում են, որ այն կազմակերպվում է առաջին անգամ և նպատակ ունի աջակցել սփյուռքի այն երիտասարդներին, ովքեր ներգրավված են Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։

Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն ներդրում ունենալու Հայաստանի շահերն առաջ տանելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններն ամրապնդելու գործում, ունեն մեդիա կոնտենտ գրելու փորձառություն (ցանկալի է)։

Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ, ինչպես նաև նախատեսվում են տարաբնույթ այցեր և հանդիպումներ:  Ծրագրի ավարտին կկազմակերպվի Երիտասարդական ֆորում, որի ընթացքում կպատրաստվի երիտասարդական  քաղաքականության փաստաթուղթ՝ սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կայուն համագործակցություն ձևավորելու համար:

Հայտադիմումները կընդունվեն 2021 թ. հունիսի 1-25-ը` մինչև ժ.00:00-ն (Երևանի ժամանակով): Հայտը լրացնելու և ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք հղմամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն