Համայնքների խոշորացման հերթական ալիքն է սկսվել։ Մինչեւ տարեվերջ երեք փուլով՝ հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։ Այսինքն՝ գործող համայնքապետերի լիազորությունները դադարելու են, ու նոր ընտրությունների արդյունքում նոր՝ արդեն խոշորացված համայնքների ղեկավարներ են ընտրվելու։

Բացի այն, որ որոշ համայնքներում խոշորացումը տեղի է ունենում անտրամաբանական կառուցվածքով, երբ մի համայնքի մեջ են մտնում ընդհուպ մինչեւ չորս տասնյակի հասնող մեծ ու փոքր համայնքներ, բայց օրվա իշխանությունները սրանով նաեւ մեկ այլ՝ ակնհայտ քաղաքական եւ վտանգավոր խնդիր են փորձում լուծել։ Խոշորացմամբ եւ դրանից բխող նոր ընտրություններով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել անցանկալի, ոչ իշխանական համայնքապետերից եւ նշանակել հնազանդ յուրայինների։ Անցանկալի համայնքապետերից մեկն էլ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանն է, որը թեեւ կուսակցական չէ, բայց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերն ու թիմակիցն է եւ վերջին ընտրություններին հենց ԲՀԿ-ի աջակցությամբ Աբովյանում ջախջախեց ՔՊ-ական թեկնածուին։

Ուստի հիմա հարմար առիթ է՝ նոր ընտրություններով նրանից ազատվելու եւ Կոտայքը նվաճելու համար: Սակայն Գեւորգյանը բավական բարձր վարկանիշ ունի Աբովյանում, ի տարբերություն ՔՊ-ական հավանական թեկնածուների։ Անգամ Ծառուկյանի թիմակից քաղաքապետերի շրջանում նա ամենաբարձր վարկանիշն ունեցող ղեկավարն է։

Մեզ հետ զրույցում հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, դարձյալ առաջադրվել եւ դեկտեմբերի 5-ին մասնակցել Կոտայքի ընտրություններին, Վահագն Գեւորգյանն ասաց՝ դեռ չեմ որոշել։

- Իսկ զուտ կառավարման տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում Աբովյան համայնքի խոշորացումը, որի մեջ Աբովյանից բացի եւս 10 համայնք է մտնելու։

- Չեմ կարծում, թե խնդիրներ լինեն։

- Դուք այստեղ քաղաքակա՞ն որոշում եք տեսնում, թե՞ խոշորացմամբ փորձում են զուտ օպտիմալ կառավարման խնդիր լուծել։

- Որ նայում ես՝ ընդհանուր հանրապետությունում է խոշորացում գնում, էնպես չէ, որ միայն Աբովյանն է։ Արդեն քանի տարի է՝ ՏԻՄ-երի հետ կապված այդ ճանապարհային քարտեզը շարունակվում է։

- Բայց Չարենցավանը, օրինակ, չխոշորացրին։

- Դե, էս պահին չխոշորացավ, ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում մենք կամաց-կամաց անցում կկատարենք շրջանային մոդելների եւ ավելի կխոշորանանք։

- Իսկ այն 10 համայնքները, որոնք մտնելու են Աբովյանի մեջ, օրգանապես, կոմունիկացիաներով եւ մյուս հարցերով կապվա՞ծ են Աբովյանի հետ։

- Այո, նախ կոմունիկացիաներով են կապված, հետո՝ Խորհրդային Միության ու հետխորհրդային տարիներին իրենք ամեն ինչով կապված են եղել Աբովյանի հետ։ Օրինակ՝ ԶԱԳՍ-ի, պետական մյուս կառույցների․ բոլորի կենտրոնը, ըստ էության, Աբովյանն է։ Այսինքն, ինքը՝ նախկին Աբովյանի շրջանն է խոշորացվում՝ համայնքների հետ միասին, որոնք, այսպես թե այնպես, սպասարկվում են Աբովյանում։

- Մամուլում շատ գրվեց, որ այս խոշորացման քաղաքական նպատակն այն է, որ ազատվեն իրենց համար անցանկալի, ընդդիմադիր կամ գոնե ոչ իշխանական համայնքապետերից։

- Դժվար է ասել՝ դրանով կազատվե՞ն այդ համայնքապետերից, թե՞ ոչ։ Իմ մասով չեմ ասում, այլ՝ մյուսների, որովհետեւ օրենքը հնարավորություն է տալիս այդ մարդկանց՝ նորից առաջադրվելու եւ վերընտրվելու։ Կարող է նույն մարդը նորից առաջադրվի եւ ընտրվի։ Պարզապես ֆորմատն է փոխվում՝ դառնալով համամասնական ցուցակով անուղղակի ընտրություններ։

- Իսկ Ձեր մասով ի՞նչ եք մտածում, կա՞ նման ցանկություն՝ ազատվել նաեւ Ձեզնից։

- Չեմ կարծում։

- Եթե չեք կարծում, ենթադրում եմ, որ դարձյալ կառաջադրվեք։

- Դե, առաջ Աստված, առաջիկա օրերին պարզ կդառնա։

- ԲՀԿ-ն կարո՞ղ է այս անգամ Ձեզ համար կուսակցական պլատֆորմ հանդիսանալ, որ իրենց ցուցակով մասնակցեք, քանի որ նախորդ ընտրություններում Դուք ստացել եք ԲՀԿ-ի աջակցությունը։

- Այո, ստացել եմ, ինչի համար շնորհակալ եմ։ Բայց ասեմ՝ դեռ ոչ մի քննարկում չի եղել որեւէ քաղաքական ուժի հետ։

- Խոսակցություն կա, որ այն համայնքապետերը, որոնք չեն ցանկանում որեւէ քաղաքական ուժի հետ ասոցացվել, իրենց առանձին կուսակցությունն են բացում: Հնարավո՞ր է, ասենք, «Նոր Աբովյան» կամ նմանատիպ անվանումով կուսակցությամբ մասնակցեք ընտրություններին։

- Ժամանակի խնդիր է, որ հնարավոր չէ իմ պարագայում։ Մնացածի պարագայում հնարավոր է, որ ինչ-որ տեղական կուսակցություններ ստեղծեն` կոնկրետ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Զուտ ժամանակային առումով հիմա ինձ մոտ այդ խնդիրը չկա, չես էլ կարող անել։

- Իշխանության, այսինքն՝ ՔՊ-ի ցուցակով բացառո՞ւմ եք առաջադրվելը։

- Դեռ չենք քննարկել ոչ մի բան, ասացի՝ ոչ մի քաղաքական ուժի հետ քննարկում, բանակցություն չի տարվել։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն