Հայաստանի կառավարության նախաձեռնած նախագծով առաջարկվում է սոցփաթեթից օգտվողների համար սպասարկման երկու լրացուցիչ ոլորտ սահմանել: Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-ի նիստին «Պետական ​​եւ ծառայողական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Ըստ նրա` խոսքը պետական ​​գերատեսչությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների` սպորտային-առողջարանային կենտրոնների, լողավազանների եւ նման այլ հաստատությունների ծառայություններից օգտվելու մասին է: Բացի այդ, ինչպես նշեց Սարգսյանը, հնարավոր կլինի ուսանողական վարկերը մարել պետական ​​սուբսիդիաների հաշվին:

Այս փոփոխությունները, ըստ փոխնախարարի, ուղղված են աշխատակիցների եւ սոցփաթեթի շահառուների սոցիալական կարիքների բավարարմանը, ինչպես նաեւ` նրանց մոտիվացիայի եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

«Այս նախագիծը պետական ​​կառույցներում եւ կազմակերպություններում աշխատանքի գրավչությունը բարձրացնելու փորձ է, ինչը կնվազեցնի կադրերի արտահոսքը պետական ​​համակարգից: Բացի այդ, փոփոխությունների նախագծում եւ կառավարության որոշման մեջ նշվում է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն կարող սոցփաթեթի շահառուներ դառնալ: Մասնավորապես, խոսքը հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, փոխնախարարների եւ Ազգային ժողովի պատգամավորների մասին է»,- պարզաբանեց Սարգսյանը:

Նշենք, որ շահառուների թիվը տատանվում է 138.200-ից 147.500-ի միջեւ:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն