Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) դեմ է Թուրքիային 40 հատ F-16 կործանիչ վաճառելուն՝ շեշտելով, որ դա այն նույն ինքնաթիռն էր, որը կիրառվեց հայ ժողովրդի դեմ անցյալ տարվա աշնան Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ:

Համագումարից NEWS.am-ին հայտնում են, որ արբանյակային լուսանկարները հաստատում են, որ F-16 կործանիչները գաղտնի կերպով տեղակայվել էին Ադրբեջանում պատերազմից առաջ, որի ժամանակ նաև ակնհայտ էր թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի մեծաքանակ կիրառում Արցախում հայ ժողովրդի դեմ:

Ըստ բազմաթիվ լրատվամիջոցների, միլիարդավոր դոլարների գործարքը գտնվում է Արտաքին ռազմական վաճառքի գործընթացում և անհրաժեշտ կլինեն հաստատումներ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որոնք երկուսն էլ իրավունք ունեն արգելք դնել վաճառքի վրա:

«Կոնգրեսը և ամերիկացի ժողովուրդը գիտեն, որ Էրդողանի ռեժիմը Թուրքիայում դարձել է ոչ միայն անվստահելի դաշնակից, այլև դավաճանական վտանգ ԱՄՆ-ի շահերի և մարդու իրավունքների համար՝ տարածաշրջանում և գլոբալ մակարդակով»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը: «F-16-ների օգտագործումը՝ քրիստոնյա հայերի դեմ ցեղասպանական հարձակումներն առաջ մղելու համար, համագործակցելով Ադրբեջանի բռնապետ Ալիևի ռեժիմի հետ՝ այն չէ, ինչին ԱՄՆ-ն պետք է սատարի»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս վերջին քայլը արվում է նրանից հետո, երբ Թուրքիային թույլ չտրվեց գնել ավելի քան 100 F-35 դժվար հայտնաբերվող կործանիչներ՝ ի պատասխան Անկարայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման, ինչը ԱՄՆ պատժամիջոցների պատճառ դարձավ: Մինչ Միացյալ Նահանգները զգուշացրել է Էրդողանին՝ դադարեցնել լրացուցիչ ռուսական զենքերի ձեռքբերումը, Էրդողանը հրապարակայնորեն հայտարարել է, որ գնելու է S-400-ների հերթական խմբաքանակ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Էրդողանը՝ Ռուսաստանի հետ թուրքական ռազմական համագործակցությունը որակեց որպես «ծայրահեղ կարևոր»: Ավելին, անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին գտնվելու ժամանակ, Էրդողանը CBS News-ի թղթակից Մարգարեթ Բրենանին տրված հարցազրույցում ասել էր, որ կշարունակի ձեռք բերել ռուսական պաշտպանական համակարգեր, և «ոչ ոք չի կարող խառնվել դրան»: Նա հավելեց. «Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել այն հարցին, թե ինչպիսի պաշտպանական համակարգեր ենք մենք ձեռք բերում, որ երկրից, ինչ մակարդակի վրա: Ոչ ոք չի կարող միջամտել դրան: Մենք միակ նման որոշումներ կայացնողներն ենք»:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն