Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, հայտնել է Ալիք Մեդիան, հղում անելով դիվանագիտական իր վստահելի աղբյուրին: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության ԳՇ քարտեզները, իսկ երկրորդը՝ «հաղորդակցությունների ապաշրջափակմանը», այդ թվում՝ Մեղրիի միջանցքին:

Փաստաթղթերը կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, գրել է գործակալությունը:

Ի՞նչ ֆորս-մաժորի մասին է խոսքը։ Հայաստանն արդեն տեսել է «ֆորս-մաժորներ» իր նորագույն պատմության բեկումնային պահերին՝ 1999-ի հոկտեմբերի 27, 2008-ի մարտի 1, 2016-ի ապրիլի 2։

Արդյոք «ֆորս-մաժորի» ակնարկը վերաբերում է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը, որը հայտարարել է Հայաստանի «թրքացմանը» դիմադրելու մասին։ «Այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին, դա կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու, նոր զիջումներ են իրականացվելու», «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասել ՀՅԴ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ավելացնելով, որ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել ազգային դիմադրություն, ասել է նա։

Սակայն ցանկությունը բավական չէ, եւ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը վտանգ չի ներկայացնում հակահայ պլանների հեղինակների համար։ Դա ընդունել է նաեւ Պուտինը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ ասել է՝ «կարդամ ի՞նչ անեմ, չէ՞ որ ես եմ այն գրել»։

«Ես գիտեմ, որ, որքան էլ տարօրինակ է, բայց եւ մեկ, եւ մյուս երկրում (Հայաստանում ու Բաքվում․ խմբ․) կան դժգոհություններ, որոնք հնչում են ղեկավարների հասցեին։ Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք դժգոհ են ինչ-որ բանից կամ համարում են, որ իրենք ավելի լավ կանեին։ Եւ միշտ պատասխան է ծագում՝ փորձեք ավելի լավ անել։ Այնուամենայնիվ, նախագահ Ալիեւին եւ վարչապետ Փաշինյանին հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը», ասել է Պուտինը Վալդայ ակումբի նիստի ժամանակ։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, որն ամեն կերպ խուսափում է Պուտինի եւ Ռուսատանի հիշատակումից՝ պայքարելով «թրքացման» դեմ, երեւի չի կարողացել Պուտինին համոզել, որ «ավելի լավ կանի»։ Մնում է գուշակել՝ ո՞վ է այս անգամ «ֆորս-մաժորի» զոհ դառնալու։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն