Երկրում առավել կարեւոր խնդիրներ կան, քան իշխանության ներկայացրած օրինագծերը, օրինակ, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը, որը կառավարությունն անհասկանալի պատճառներով օպերատիվ կարգով որոշել է քննարկման դնել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ժամանակն է դուրս գալ վիրտուալ իրականությունից եւ վերադառնալ օբյեկտիվ իրականություն: Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ստացվեց, որ մեր հերոսների մնացորդները տոպրակների մեջ նետեցին հատակին կարտոֆիլի մեշոկների նման»:

Նա նկատեց, որ եղել է Աբովյանի դիահերձարանում եւ տեսել է այդ սարսափելի տեսարանը: Զոհրաբյանի համար անհասկանալի է՝ ինչպես է ստացվել, որ նման անփութության համար պատասխանատվության են ենթարկվել միայն սանիտարն ու դիահերձարանի բաժնի վարիչը այն դեպքում, երբ նրանք ընդհանրապես մեղավոր չեն:

«Այդ դիահերձարանում կա 10 տեղ մարմինների եւ մնացորդների պահման համար: Մեզ ասում են, որ մնացորդների թվում կարող են լինել ադրբեջանցի զինվորների մնացորդներ: Միգուցե հանկարծ պարզվի, որ ծնողներին փոխանցել են ադրբեջանցիների մարմիններ»,-հետաքրքրվեց պատգամավորը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն