Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ բանախոսներն անդրադարձել են անցյալին ու ներկային, մասնավորապես, խոսել տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ փոփոխությունների, աշխարհաքաղաքականության վրա ազդեցություն ունեցող գործոնների մասին: Նրանք խոսել են նաև ապագայի հեռանկարների մասին:

«Եթե նայենք ամբողջ աշխարհին, զարգացումը բացառապես տարբեր է, ինչպես և տարբեր էր 30 տարի առաջ: Փոքր պետությունները նույնպես թռիչք են կատարում և զարգանում են խելացի կերպով։ Այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, գիտեն, թե ինչպես կարող են այդ ուժեղ կողմն օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար։ Հուսով եմ՝ Հայաստանը մոտ ապագայում կմիանա նաև այդ՝ փոքր երկրների (Սինգապուր, Կատար, ԱՄԷ) ակումբին»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին, մասնավորապես, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ուժերի դուրս բերմանը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին, նախագահ Սարգսյանը հարց է ուղղել Ռոման Պրոդիին գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում հետագա զարգացումների վերաբերյալ։

Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահը նկատել է, որ ներկայումս աշխարհաքաղաքական փոփոխությունները երկրներին ստիպում են ընտրություն կատարել։

«Ոչ մեկը չի կարող անկախ լինել աշխարհում։ Ստիպված ես ընտրել՝ ում կողմից ես: Փորձեք հասկանալ, թե որտեղ է Հայաստանը գտնվում։ Շատ լավ հարաբերություններ ունեք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, բայց գնալով ավելի բարդ է լինելու։ Նույնն էլ մենք։ Այդպիսին է դառնալու աշխարհը։ Կապվածության, կախվածության մի ամբողջ հանգույց է դառնալու։ Մենք գլոբալիզացվում ենք»,-ասել է Ռոմանո Պրոդին։

Խոսելով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ Իտալիայի նախկին վարչապետն ասել է.

«Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, և ես շատերին անձամբ եմ ճանաչում պատմական զարգացումների արդյունքում։ Ցավոք, կայունություն չենք կարող ակնկալել այլևս, ապագան շատ խառն է լինելու։ Դժվար կլինի երաշխավորել կայունություն։ Թեպետ, անձամբ կարծում եմ, որ Եվրոպայի հետ դուք ավելի ամուր հարաբերություններ եք ունենալու մշակույթի, ավանդույթների, նաև ներկայության շնորհիվ։ Ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում նաև զարգացմանը և կայունությանը եվրոպական երկրներում: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, ապա Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված եք հավասարակշռություն պահել։ Մենք քայլ առ քայլ, վստահ եմ, որ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա։ Վստահ եմ, որ այդպիսի հարաբերություններ զարգանալու են և նպաստելու Հայաստանի անկախությանը»,- նշել է իտալացի գործիչը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն