Օրերս 168.am-ն առանձնացրել էր 2020-ի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունները:

Մասնավորապես այն, որ Nikkei ճապոնական պարբերականին տված հարցազրույցում Ալիևը Փաշինյանին բանակցությունները շարունակելու առաջարկ էր արել, ինչն անտեսվել էր:

Շարունակելով պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունների, հակամարտող կողմերի ղեկավարների արած հայտարարությունների հիշեցումները, նշենք, որ այս առաջարկից մեկ օր հետո՝ 2020-ի հոկտեմբերի 22-ին, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման թեման՝ նշելով, որ հայկական կողմի համար ընդունելի է նման զարգացումը, և, որ այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները:

«Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի մասին չեն համընկնում հայկական կողմի պատկերացումների հետ։ Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, այստեղ ևս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս պետությունների կարծիքը, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե հակառակը»,- ասել էր Փաշինյանը:

Ադրբեջանի ղեկավարն իր հերթին հայտարարել էր, թե Ադրբեջանը չի մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում, հատկապես, երբ այն հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մաս է կազմում, այլ հարց է, որ Բաքուն իր պահանջներն ունի այդ հաշվով:

«Բայց սա վերջին կետն է, վերջին հարցերից մեկը, որը պետք է ուղղել կողմերին, և, իհարկե, երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, պետք է համաձայնության գան դիտորդների կամ խաղաղապահների կազմի վերաբերյալ: Այդ պատճառով բանակցությունների ընթացքում մենք լրջորեն չենք քննարկել այս հարցը: Կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն իրենց անունից առաջարկներ կներկայացնեն այդ դիտորդների կազմի, թվի վերաբերյալ, թե երբ և որտեղ կուղարկվեն: Ինչ մանդատի մասին է խոսքը, ով է այն ներկայացնելու: Սա կարևոր է զուտ տեխնիկական տեսանկյունից, քանի որ հիմա մարտական գործողությունների ակտիվ փուլ է: Բայց վերջին խոսքն Ադրբեջանինն է, քանի որ դա ՀՀ-ի տարածքը չէ»,- ճապոնական Nikkei պարբերականին ասել էր Ալիևը:

Ավելի ուշ Ադրբեջանի ղեկավարը բաց տեքստով հայտարարեց՝ հակամարտության գոտում կտեղակայվեն ոչ միայն ռուսական, այլև թուրքական խաղաղապահներ:

Թուրքական խաղաղապահներ, բառի բուն իմաստով, Արցախում չտեղակայվեցին, սակայն Ակնայում (Աղդամում) բացվեց հրադադարի վերահսկման կամ դիտարկման ռուս թուրքական կենտրոն:

Այս թեմային մանրամասն անդրադարձ եղել է։

Նշենք, որ հակամարտության գոտում ռուսական դիտորդների տեղակայման մասին պատերազմի օրերին ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներից առաջ խոսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական ռադիոկայանների հետ զրույցում:

Ըստ նրա՝ հրադադարի ռեժիմի պահպանում կարող էին ապահովել ռուսական ռազմական դիտորդները:

«Կարծում ենք, որ միանգամայն ճիշտ կլիներ, եթե Ղարաբաղում լինեին մեր դիտորդները, բայց վերջին խոսքը հակամարտության կողմերինն է»,- շեշտել էր Լավրովը:

Ի դեպ, «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը, նշել էր, որ դեռևս պատերազմից ամիսներ առաջ՝ հունիսից, ռուս խաղաղապահները պատրաստ են եղել գալու Հայաստան:

Պատերազմի օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ շրջանառվեցին, որ արդեն հոկտեմբերին ռուս խաղաղապահներ են երևացել Արցախում:

Գուցե նաև այս իրողությունները հաշվի առնելով է, որ քաղաքագիտական որոշ շրջանակներ 2020-ի արցախյան պատերազմը տեղավորում են նաև աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, թեպետ Փաշինյանը 2020թ․ հոկտեմբերի 7-ին 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը համարել էր ընդամենը ահաբեկչական հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նախաձեռնել է Ադրբեջանը և կազմակերպել Թուրքիան: Մյուս կողմից, Փաշինյանն ինքն էլ ընդունում է վերը նշված պնդումը՝ ասելով, որ Թուրքիայի կազմակերպած այս ահաբեկչական պատերազմը սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար, այլ կոնկրետ սպառնալիք է Ռուսաստանի համար:

Իսկ Հայաստանը երկիրը պարտության տարած իշխանությունների պատճառով շարունակում է զիջել սեփական շահերը տարածաշրջանում գլխավոր խաղացողների շահերի բախումներում՝ լինի դա խաղաղապահներ տեղակայելու շտապողականության, սեփական զինուժը կրճատելու հաշվին նրանց առաքելության «աշխարհագրությունը» ընդլայնելու, թե քարտեզային և ոչ քարտեզային տարածքային զիջումների տեսքով:

Հիշեցնենք, որ պաշտոնապես ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվեցին 2020թ․ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, այն էլ՝ չհստակեցված մանդատով, թեպետ խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին բարձր մակարդակով խոսվում էր դեռևս պատերազմի օրերին՝ հոկտեմբերի կեսերից: Փոխարենը՝ շատ կազմակերպված տեղի ունեցավ նրանց տեղափոխումն Արցախ:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն