Վազգեն Սարգսյանն ինձ ասաց՝ չես պատկերացնի, շեֆ ջան, թե ինչ են արել մեր երկրի հետ
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 22 տարի անց արդյոք մենք ունենք պատասխան, թե ինչու տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և ինչո՞ւ մինչև հիմա չունենք բացահայտում:
Առաջինը այն, որ դա մեծ ողբերգություն էր, դա Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, մյուսներին կյանքից հեռացնելու խնդիր չէր: Հեռացնելով նրանց, իրենք որձատեցին հայոց պետականությունը և դա ուղղված էր հայոց պետականության դեմ: Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի միությունը, եթե շարունակեր իր գործունեությունը, դա նշանակում է՝ իրենք կկարողանային ինքնուրույն հարցեր լուծել, ինքնուրույն որոշումներ կայացնել և այլն: Ըստ էության, դա հայոց պետականության դեմ էր ուղղված, անձնական հարց չէր, անձնական վրեժխնդրություն չէր: Վերացնելով երկու պայծառ մարդկանց և մյուսներին՝ կվերացնեին այն ոգեշնչվածությունը, երազանքը, որին արդեն մոտենում էինք, և վերացավ: Եթե իրենք լինեին և ղեկավարեին ենթադրենք 10 տարի, Հայաստան պետության դեմքը և դիրքը լրիվ այլ կլիներ այսօր: Այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փորձեց շատ բան անել, և կարողացավ անել, բայց այն, ինչը կարող էին անել նրանք միասին, դա, ըստ էության, այլևս չշարունակվեց, թելը կտրվեց: Հիշեք, որ դա այն շրջանն էր, երբ Ադրբեջանը սուսուփուս էր, պարտված, Վրաստանում դեռևս չկային այն ուժերը, որոնք ձգտում էին Եվրամիություն և ՆԱՏՕ: Հայաստանը Հարավային Կովկասում բոլոր իմաստներով ամենա-ամենան էր:
Թե ովքեր էին հոկտեմբերի 27-ի թիկունքում կանգնած, բազմաթիվ տարբերակներ են ներկայացվել: Ո՞ւմ էր վնասում ուժեղ, կենտրոնացված, ժողովրդավար Հայաստանը:Մինչև այսօր դա հայտնի չէ:
Խոսակցություններ կան, որ Վազգեն Սարգսյանն այդ օրերին իր մտերիմների շրջանում խոսում էր, որ Արցախի հարցը շուտով լուծվելու է, և շատ լավ է լուծվելու, հօգուտ Հայաստանի: Դուք նրա մտերիմներից մեկն էիք, Ձեզ հետ խոսե՞լ է այդ մասին:
Այդ դեպքից մի երկու օր առաջ էր. նա բնավորություն ուներ, ուշ ժամի զանգում էր, գիշերը գալիս էր մեր «Ար» հեռուստաընկերություն և նստում էինք: Ասում էր՝ եթե մոտդ մարդ կա, բոլորին ցրի, թող միայն Գրիգոր Խաչատրյանը մնա, և Գրետային պահի, որ սեղան դնի: Հաճախ գալիս էր նույն ընկերուհու հետ՝ երգչուհի Լիլիթ Կարապետյանի: Հաճախ մենք մինչև առավոտ նստում էինք: Այն, որ Ղարաբաղի խնդիրը լուծվելու է, ինքը համոզված էր մինչև վերջ, դժվար է լինելու, բայց շատ լավ է լուծվելու, լավ իմաստով, հանուն Ղարաբաղի, հանուն հայության է լուծվելու: Ամենակարևորը, վերջին հանդիպման ժամանակ ինքը շատ տխուր էր: ԱՄՆ գնաց, եկավ, իր առաջին այցելությունն էր, իրեն ինչ-որ թուղթ էին ցույց տվել, և իր վրա այդ թուղթը շատ էր ազդել: մենք դեռ «Գարուն» ամսագրից սկսած իրար շեֆ էինք ասում: Ինձ ասաց՝ չես պատկերացնի, շեֆ ջան, թե ինչ են արել մեր երկրի հետ: Խոսքը ֆինանսական խնդրի մասին էր, այսինքն երկիրն ինչպե՞ս են թալանել: Խոսքը 1990 թվականից հետոյի մասին էր: Ասեց՝ մի օր մանրամասն կպատմեմ, բայց այդ մի օրը չեղավ, փոխարենը եղավ այն, ինչ որ եղավ; Թե ինչու չբացվեց հոկտեմբերի 27-ը, ես չեմ կարող ասել: Չեմ կարող բացել, որովհետև ինձ թվում է, որ բացվել է դա, ուղղակի չեն բացվել մոտիվները: Մարդիկ մտել ու գնդակահարել են, դա բաց է, բոլորիս աչքի առաջ է եղել, բայց մոտիվները, նպատակը, թե ինչ էր թաքնված դրա տակ, դա չի բացվել:
Հետագա ոչ մի իշխանության մոտ չեղա՞վ այդ կամքը բացահայտելու ոճրագործությունը:
Ինձ թվում է՝ դա բացված է, բանը հասնում է այնտեղ, որ որոշ օլիգարխ պատգամավորներ Վազգեն Սարգսյանի դեմ են խոսում խորհրդարանում, մատ են թափ տալիս գրպանների մեջ: Վազգեն Սարգսյանի պես մարդուն, որը պետություն ստեղծելու, ազգային խնդիրները լուծելու ճանապարհին զոհվեց: Նա ներսում զոհվեց, դրսում, թշնամու գնդակից չզոհվեց, իր տան մեջ զոհվեց: Ու այդքանից հետո նրա դեմ էլի խոսում են, խոսում են անհասկանալի մարդիկ, մարդիկ, որոնք պետք է լռեն ընդհանրապես: Չի կարելի խավարասերների պես մտածել, որ բոլոր պայծառ մարդիկ հեռացել են, խավարասերները կարող են դուրս գալ և այսօրվա իշխանության ղեկավարին քծնելու այդ ձևը ընտրեն: Այսօրվա ղեկավարին սիրաշահելու ի՞նչ կարիք կա: Թող հանգիստ թողնեն Վազգեն Սարգսյանի հիշատակը: Մի մարդ, որին մեր ժողովուրդն ազգային հերոս է հռչակել: Նա իսկապես ազգային հերոս էր: Բոլորովին վերջերս պարտված պետությունը տասնյակներով ազգային հերոսի կոչումներ էր բաժանում: Անհասկալանի բան է, հաղթանակի շրջանում ընդամենը մի քանի հոգի էին ազգային հերոսի կոչման արժանացել, իսկ պարտությունից հետո ազգային հերոսները չափազանց շատացան: Ես ներողություն եմ խնդրում նրանցից, որոնք նահատակվել են, բայց իսկապես այդպես է: Մինչև այսօր էլ շարունակում են հերոսի կոչումներ տալ:
Հոկտեմբերի 27-ը շատ խորը բան է, ինձ թվում է՝ դա մի 50-70 տարի հետո կբացվի, թե ինչն էր պատճառը, որ համապատասխան շունշանորդին, որն, ի դեպ, պարտական էր Վազգենին: Վազգեն Սարգսյանը «Գարուն» ամսագրում էր աշխատում, ես գլխավոր խմբագիրն էի, այդ անասունին բերեց «գարուն», ինձ խնդրում էր, թե իրեն գործի ընդունի: Ինչու եղավ դա, ով էր կանգնած կամ ինչ պետություն էր կանգնած հոկտեմբերի 27-ի թիկունքում: Հիմնականում կանգ առան Թուրքիայի վրա, ժամանակին նաև Ռուսաստանին էին մեղադրում, բայց ես այդպես չեմ կարծում: Ռուսաստանի հանգամանքը ես դուրս եմ դնում, որովհետև Վազգենը ռուսական կողմնորոշում ունեցող մարդ էր, Կարեն Դեմիրճյանը նույնպես, և Ռուսաստանը այդ բանը չէր անի, ռուսաստանին դա օգուտ չէր, վնաս էր զուտ քաղաքական ու աշխարհաքաղաքական իմաստով: Հիմնականում Թուրքիան էր, այնտեղ ԱՄՆ-ի, Իսրայելի պես երկրներ կան, որոնց հետախուզական մարմինները հաստատ ավելի լավ գիտեին շատ բան, քան մենք: Իհարկե, սա Հայաստանից չի կազմակերպված, ծիծաղելի է մտածել, որ դա Հայաստանից է հրահրվել, իհարկե, դրսի կազմակերպածն էր: Ուղղակի պետք է դա բացահայտել հետևողականորեն: Արդար ու ճիշտ կլինի բացահայտելը: Արդար կլինի իրենց հիշատակի համար, մեր պետության վաղվա օրվա համար: Պայծառ հիշատակ նրանց:
Ես Վազգենի վերաբերմունքը գիտեմ Ռուսաստանի հանդեպ, առավել ևս Կարեն Դեմիրճյանինը: Երկուսն էլ ռուսական կողմնորոշում ունեին: Վազգենը հրաշալի ընկերներ ուներ Ռուսաստանի իշխանության բարձրագույն օղակներում: Նա գրեթե անվճար զենք էր կարողանում ստանալ Ռուսաստանից: Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ էլ բավականին նվեր զենք ենք ստացել Ռուսաստանից: Բայց այդ ավանդույթը ժամանակին Վազգեն Սարգսյանը դրեց:
Հոկտեմբերի 27-ը մի օր կբացահայտվի: Նույնիսկ այդ շունշանոդիները, որ իրականացրին դա, իրենք էլ չգիտեին, թե ով է այդ ամենի թիկունքում թաքնված: Իրենց մղել են դրան, բայց ո՞վ է թաքնված թիկունքում, ես վստահ եմ, որ իրենք էլ չգիտեն:
Զարմանալի է, որ այդ ամենով հանդերձ որոշ մարդիկ սկսեցին դատապարտել Վազգենին, որ ազատագրել է Արցախը, փրկել է Արցախը ոչնչացումից: Սա ապշելու բան է: Եթե նա կենդանի լիներ, այս մարդիկ Հաագայի դատարանում նրան կցանկանային դատել: Կգա ժամանակը, խորքային բաներ կբացայհայտվեն։
Այսօր նայենք մեր շուրջը և տեսնենք՝ ում է ձեռնտու Հայաստանի այսօրվա վիճակը, ըստ այդմ էլ կարելի է ենթադրել, թե ով կարող է լինել հայոց համար այդ դարակազմիկ ողբերգության թիկունքում: Հենց նրանք էլ իրականացրել են: