Միասնական ազգային երազանք չապահովելով՝ մենք մնալու ենք պարտված հոգեբանությամբ․ դա մեր մեծագույն բացն է. Թևան Պողոսյանը՝ պատերազմից մեկ տարի անց հայկական կողմի անելիքների մասին
Պատերազմը դեռ չի ավարտվել, այն դեռ շարունակության մեջ է, զինադադարի պայմանավորվածություն է միայն եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ ամփոփելով հայկական կողմի անելիքները պատերազմից մեկ տարի անց։
Նա նշեց, որ Հայաստանը թևակոխել է մեծագույն ճգնաժամերի փուլ և այս մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամերին գումարվել են բարոյահոգեբանական և անվտանգության ճգնաժամերը։
«Ցավոք սրտի, այս մեկ տարվա ընթացքում չկարողացանք հաղթահարել ոչ մեկը։ Այսօր և՛ անվտանգության ճգնաժամը գոյություն ունի, և՛ բարոյահոգեբանական ճգնաժամը, և՛ առողջապահական համակարգի ճգնաժամը, և՛ տնտեսական, սոցիալական դժվարությունները, և դրան գումարած՝ աշխարհաքաղաքական անհասկանալի շրջապտույտը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, և Հայաստանի իշխանությունները չեն կարողանում գտնել այն ճիշտ ուղիները, որոնցով կկարողանան տանել երկիրը»,-ասաց նա։
Թևան Պողոսյանը նկատեց, որ նոյեմբերի 10-ից հետո, համաձայն հրադադարի համաձայնության, եթե զորքերը պետք է նույն կետում կանգնեին, Հայաստանի իշխանությունները գնացել են ահավոր մեծ զիջումների՝ բանավոր համաձայնություններով հողեր հանձնելու։ Նա հարց բարձրացրեց, թե նոյեմբերի 9-ին որտե՞ղ էին գտնվում հայկական զինված ուժերը, և հիմա որտե՞ղ են՝ հավելելով, որ հայ ռազմագերիները չեն վերադարձվել։
Թևան Պողոսյանը նշեց՝ դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական պատերազմը շարունակվում է:
«Ներքին քաղաքական ճգնաժամն էլ չի հաղթահարվել, հասարակությունը ավելի է պառակտվել է»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացու անելիքներում բացեր է տեսնում, այդ թվում՝ իր։
«Այսօր, երբ գաղափար ես ասում, որ պետք է կարողանանք ճգնաժամերը հաղթահարենք և արտաքին քաղաքականությունում մեր շահերից պետք է հետ չկանգնենք, այդ տեսակի գաղափարի դեպքում մարդիկ ասում են՝ ի՞նչ, էլի պատերա՞զմ եք ուզում, ո՞վ է գնալու կռվելու, հենց մարդ այդպես է ասում, դա նշանակում է, որ ինքն այլևս քաղաքացի չի, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ իր պարտականությունն է նպաստել անվտանգությանը, քաղաքացին է երկիրը պաշտպանում։ Միայն այդ հարցի առաջացումը նշանակում է, որ մենք չձևավորվեցինք ո՛չ քաղաքական ազգ, ո՛չ էլ քաղաքացիներ, որ խոսենք պետականության մասին»,-ասաց Պողոսյանը:
Թևան Պողոսյանն ընդգծեց՝ ուսումնասիրելով շատ երկրների պատմությունները, որտեղ եղել են մեծագույն պարտություններ, կապիտուլյացիաներ, փորձում է տեսնել՝ ինչպես են հաղթահարել և հասկանում, որ ամենագլխավոր խնդիրներից մեկը ազգային երազանք ձևավորելն է։
«Մենք չենք խոսում մեր ազգային երազանքի համար, որ մեր գալիք սերունդների համար ամեն ինչ պետք է անել, որ Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Թալիշը, Շահումյանը, Քարվաճառը, բոլորը կարողանանք վերականգնել, իսկապես գնալու ենք այդ ուղղությամբ։ Այս պարագայում մեծագույն բացը միասնական ազգային երազանք ունենալն է, որը չապահովելով՝ մենք մնալու են պարտված հոգեբանությամբ»,-ասաց նա և նկատեց, որ 1994 թվականին էլ կար զինադադարի համաձայնագիր, բայց թշնամին չհանձնվեց։
Ըստ նրա՝ ազգային երազանքին հասնելու առաջին քայլերից մեկն է, որ մարդիկ մտածեն՝ «եթե ինձ մոտ չի ստացվում, ես պետք է հեռանամ, և գա ուրիշը, ում մոտ կստացվի»։
«Պարտված իշխանությունը հանուն հայրենիքի, հանուն սերունդների պետք է հեռանա։ Իրենք էլ են լինելու, իրենք էլ են ապագայում ձևավորվելու, բայց պետք է գնան, որ բաժանարար գիծը չլինի»,-հավելեց նա։