Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Аргументы и Факты» պարբերականին: Անդրադառնալով ռուս խաղաղապահների աշխատանքին Արմեն Սարգսյանը նշել է, որ այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից:

Արմեն Սարգսյանի կարծիքով՝ խաղաղապահների ներկայությունը միշտ անհրաժեշտ կլինի․«Չգիտեմ՝ կկարողանաք ճիշտ բառ գտնել՝ փոխանցելու իմ զգացողությունները: Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից»,-ասել է նա:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին ծառայության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դժվար որոշում ընդունելու համար։

Նախագահ Սարգսյանի հայտարարությունները հատկապես ուշագրավ էին է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքների ֆոնին, որոնցից վերջինի հետևանքով երեկ Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ։ Սա էլ՝ ռուսական խաղաղապահների առկայության պայմաններում։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանին վրդովեցնում է նախագահի ձևակերպումները ռուսական խաղաղապահ ուժերի, Ռուսաստանի «փրկիչ» դերակատարության մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրինյանն ընդգծեց․«Նախ հասկանանք՝ ի՞նչ նկատի ունի ՝ասելով միշտ խաղաղապահների ներկայության կարիքը կլինի։ 4․000 տարի, թե՞ 40․000 տարի․․ Երկրորդ՝ ինքը մոտավորապես ասում է, որ առանց Ռուսաստանի հայ ժողովուրդը չէր լինի։ Իրեն պետք է խորհուրդ տամ կարդալ առաջին հանրապետության պատմությունը։ Եթե չլիներ բոլշևիզիը, հոգեկան հիվանդ ռուսամոլները՝ մենք բոլորովին այլ վիճակում կլինեինք»։

Շիրինյանն ընդգծեց՝միջադեպեր միշտ լինելու են, դրա համար էլ խաղաղապահներն այնտեղ են․«Որպեսզի նրանք մնան, միջադեպեր պետք է լինեն, որ իրենց խաղաղեցնեն։ Իսկ այս վիճակում՝ կան ու կան։ Մանր-մունր սադրանքներ միշտ լինելու են, որպեսզի իրենց կարևորությունն ընդգծվի։ Ցավալին այն է, որ այս միջադեպերը Սումգայիթից սկսած հայության հետ կատարվում են։ Ռուսաստանն այս կամ այն կերպ Ադրբեջանի հետ է, բայց Սումգայիթից սկսած զոհվողը հայն է։ Իրենց ներկայությունն էլ հիմա ընդամենը հարաբերական խաղաղություն է ապահովում։ Որպեսզի դա չլիներ, բանակը չպետք է կողոպտվեր ու երկիրը վերածվեր թալանի միջավայրի։ Իսկ այսպես կշարունակվի՝ այնքան, ինչքան մենք թույլ լինենք։ Կուժեղանանք՝ կլինի, թույլ կմնանք՝ այսպես էլ կշարունակվի։ Նախագահներն էլ իրենց երկրի քաղաքական պատմությունը չիմանալով՝ պատմություն պետք է մեկնաբանեն»։

Քաղաքագետը հարց է բարձրացնում՝ ինչու նախագահը չխոսեց ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու անհրաժեշտության մասին․«Գնում են Անգլիաներում սովորում, բայց ռուսերենից բացի ուրիշ ոչինչ չեն հասկանում։ Անգլիաներում ապրում են՝ Ռուսաստանից այն կողմ չեն շարժվում։ Չգիտեմ՝ ինքը տեղյակ է, թե ոչ, բայց առաջին հանրապետությունը որպես հենարան ստեղծել է հայ ժողովրդի հետ միասին Անգլիան։ Կարսի մարզը և Նախիջևանը Հայաստանը միացրել է նորից Անգլիան՝ 1919 թվականին։ Իսկ կործանել է Ռուսաստանը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին»։

Մեր այն դիտարկմանը, երբ նախագահը ռուսական լրատվամիջոցին ասում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը միշտ պետք է, արդյոք այդ կերպ չի նսեմացվում հայոց բանակը, Շիրինյանը պատասխանեց․«Չեմ կարծում, թե պետք է շատ բևեռանալ նախագահի վրա, որովհետև այս Սահմանադրությամբ նա մեծ լիազորություններ չունի։ Ինքը բարեբախտաբար որևէ քաղաքական ֆունկցիա չունի։ Դա Սերժի սահմանադրությունն է, իսկ որ ինքը բողոքում է այս սահմանադրության սահմանափակության մասին, Սերժի ժամանակ ինքը շատ լավ համաձայնվել է այն ֆունկցիային, ինչ-որ հիմա ունի։ Ընդհանրապես ցավալին այն է, որ Հայաստանի իշխանության 90 տոկոսը Հայաստանի պատմությունը չգիտի։ Եթե նախագահն էլ իմանար՝ նման բան չէր ասի։ Դուք խոսում եք բանակի նսեմացման մասին, բայց ինքը մեզ էլ է նսեմացնում, երբ ասում է, որ Ռուսաստանը մեզ փրկել է։ Հիմա փրկու՞մ է Ռուսաստանը հայ ժողովրդին։ Իհարկե՝ ոչ։ Բացի թուրքական մսաղաց քշելուց ուրիշ ոչնչով զբաղված չէ։ Իմիջիայլոց բանակն է արյան գնով այդ 30․000-ը պահել։ Ինքը թող դավաճան գեներալների մասին խոսի»,-եզրափակեց նա։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն