Ինչու է ձգձգվում Գյումրու փոխքաղաքապետերի նշանակումը. ՔՊ-ի ներսում տարաձայնությու՞ն է
Մոտ երկու շաբաթ առաջ «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստորագրած հուշագրով պայմանավորվածություն ձեռք բերվեց Գյումրու համայնքապետարանում մի շարք առանցքային պաշտոններ զիջել ՔՊ-ին: Հուշագրի ստորագրման օրը հայտարարվեց, թե նոյեմբերի 1-ին՝ նորընտիր ավագանու առաջին նիստին, կհրապարակվեն նաև փոխքաղաքապետերի անունները, որոնք, ըստ հուշագրի, նույնպես ՔՊ-ից են լինելու: Նիստից անցել է 10 օր, սակայն քաղաքապետի առաջին եւ երկրորդ տեղակալների անունները դեռևս անհայտ են: Ավելին, ներկայումս շարունակում է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում պաշտոնավարել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի փեսան՝ Ռուբեն Սանոյանը:
Ավելի վաղ մենք անդրադարձել էինք իշխող կուսակցության փոխքաղաքապետերի թեկնածուներին՝ գրելով, որ այդ պաշտոններին հավակնում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ազգականը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արթուր Պապիկյանը եւ ՔՊ ցուցակի երկրորդ համարի ներկայացուցիչ Արման Բաղդասարյանը: Վերջինիս՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելու մասին խոսակցություններն առավել ինտենսիվ դարձան, երբ քույրը՝ Նազելի Բաղդասարյանը, օրերս նշանակվեց Շիրակի մարզպետ: Մինչդեռ մեզ հասած տեղեկություններով՝ իշխանական կուսակցության ներսում նրա մարզպետ նշանակվելուց հետո տեսակետ է փոխվել ․ միանգամից քրոջը մարզպետ, եղբորն էլ փոխքաղաքապետ դարձնելը աչք է զարնելու, գյումրեցիների համար այն շահարկման թեմա է դառնալու:
Ի վերջո, մարզի մի շարք համայնքներում առաջիկայում նախատեսված ընտրություններին նորընտիր մարզպետի անունն անաղարտ պահել է պետք: Մեր տեղեկություններով , ՔՊ-ի ներսում դեռ բուռն քննարկում են, թե ովքեր են փոխքաղաքապետերի հավանական թեկնածուները: Սուրեն Պապիկյանի ազգականի նշանակման հարցում, կարծես տարաձայնություններ չկան, ըստ լուրերի փոխվարչապետն ինքն էլ դեմ չէ ազգականին քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում տեսնելուն: Խնդրահարույց է քաղաքապետի երկրորդ տեղակալի հարցը: Ոմանք առաջարկում են այդ պաշտոնում առաջադրել ավագանու անդամներից որևէ մեկին, ոմանք էլ նախընտրում են ՔՊ-ական մեկ այլ ներկայացուցչի, որն ավագանու կազմում ընդգրկված չէ, իսկ օրենքը թույլատրում է, որ երկրորդ քաղաքապետն ավագանու կազմից չլինի :
Hraparak.am