Շիրակի մարզից Ադրբեջանում 33 գերի կա. Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)
Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի թերացման մասով ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, էթիկապես ճիշտ չէ, ավելին` պարոն Հովհաննիսյանի հետ արդյունավետ համագործակցել ենք և գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Այն որոշակի բացթողումները, որոնք եղել են ոլորտում, կկարողանամ համակարգել և ունենալ լավագույն արդյունք։ Նախկին մարզպետի նկատմամբ քաղաքական թիմում որևէ դժգոհություններ կամ այլ վերաբերմունք չկա։ Դրա վկայությունն այն է, որ պարոն Հարությունյանը այսօր կառավարությունում բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում»,- ասաց Բաղդասարյանը։
Անդրադառնալով հարցին` Շիրակի մարզից գերեվարվածներից քանիսն են վերադարձել և քանիսն են շարունակում մնալ Ադրբեջանում, Բաղդասարյանը նշեց.
«Շիրակի մարզից ունեինք 62 գերեվարվածներ, նրանցից վերադարձել են միայն 29-ը, 33 հոգի դեռևս գերեվարման մեջ է։ Վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվորեն ընթանում է, իմ աշխատանքային առաջին օրը հանդիպել եմ գերեվարվածների հարազատների հետ, նախօրեին մեկ այլ ձևաչափով հանդիպում է եղել։ Այսօր էլ որոշակի խնդիրներ կային, որոնք կապված են գերեվարվածների, անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ, վարչապետի աշխատակազմի հետ արագ կոմունիկացրել ենք և այդ գումարների հարցը լուծվել է»։
Բաղդասարյանը նշեց, որ այս հարցում ցանկացած աղմուկ և հայտարարություն վնասում է գործընթացին։