«Կառավարության նիստում տեղի ունեցածը եւ վարչապետի հաստիքում նստածի նախադասությունները ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին, որովհետեւ այն տեքստը գրած, որ ինքը բերել էր, ըստ որի՝ այն ինչ կատարվում է՝ Հայաստանի սուվերեն տարածքում չէ, այս ամենը ուղղակի պետական դավաճանության մասին է խոսում, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին՝ դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում է տեղի ունենում»,-այսօր խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրատապ քննարկում էր հրավիրել՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երեկ երեկոյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն, ինչ ասվում է իշխանության կողմից, իրականությանը չի համապատասխանում. «Տեղի է ունենում ընդամենը մեկ գործընթաց՝ Հայաստանի հանձնումը մաս-մաս, այն հերթականությամբ եւ ցանկությամբ, որով պայմանավորվել են թուրքերը… Հիմա բացառապես միակողմանի ՀՀ տարածքների հանձնում է տեղի ունենում»:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե գործընթացը տեղի է ունենում իրավական քարտեզների հիման վրա, Աննա Մկրտչյանը նկատեց. «Իրավական քարտեզ» եզրույթ գոյություն ունենալ չի կարող: Որեւէ իրավական հիմք ու հիմնավորում այսօր տեղի ունեցածը չունի եւ այս ամեն ինչը պարզապես շարունակությունն է անցած տարի նոյեմբերի 9-ին սկսած ազգակործան գործունեության: Այս գործունեությունը կարող է ավարտվել հստակ գնահատականներով ու գործողություններով՝ ուղղված նրանց դեմ, ովքեր նստած են Ազգային ժողովում, որպես մեծամասնություն եւ նրանց, ովքեր զբաղեցնում են կառավարության պաշտոնները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն