Արդյո՞ք միայն Աբովյանի դիահերձարանում է այս վիճակը. Լարիսա Ալավերդյան
Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է Քրեական գործ՝ քրեական օրենսգրքի երկու հոդվածով, օրերս` կառավարության նիստի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Աբովյանի դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում հայտնաբերվեցին 44-օրյա պատերազմի զինվորների դիերից մնացած մասունքները, որոնք մեղմ ասած գնտվում էին ոչ պատշաճ, հակասանիտարական վիճակում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
- Տիկի՛ն Ալավերդյան, օրերս ականատես եղանք մի սարսափելի տեսարանի: Աբովյանի դիահերձարանի նկուղում 44-օրյա պատերազմի զոհերի դիերից մնացած մասունքները շպրտված էին սարսափելի, հակասանիտարական պայմաններում: Ի վերջո այս ամենի գլխավոր պատասխանատուն ո՞վ է:
- Եթե հարցնում եք ով է պատասխանատուն և հասկանում քաղաքական պատասխանատվություն, ապա այստեղ երկու տարբերակ լինել չի կարող: Այսօրվա իշխանություն հանդիսացող և անօրինական ձևով վարչապետի ԺՊ համարվող անձը, ում անունն անգամ արտաբերել չեմ ցանկանում: Մեծ խնդիր է նաև այդ անձի հպանցիկ և անտարբեր կեցվածքը: Այնպես է խոսում դիերի մասին, կարծես ինքը մի սովորական համատիրության աշխատող է, այլ ոչ թե երկրի ղեկավար: Կատարվածում կա 1 շղթա, որը պետք է ուսումնասիրության առարկա դառնա: Հայտարարվել է, որ պետք է ծառայողական քննություն սկսվի, սակայն սա ևս հպանցիկ և անտարբեր դրսևորում է: Հայաստանն այն երկիրն է, որտեղ այսօրինակ երևույթները, այն է` դիակը թաքուն պահելը, կամ զոհերի թիվը գաղտնի պահելը համարվում է հակաօրինական: Այստեղ նաև մեծ հարց է առաջանում. արդյո՞ք միայն Աբովյանի դիահերձարանում է այս վիճակը:
- Արդյոք երկրի ղեկավարը և առողջապահության նախարարը պետք է կրեն պատասխանատվություն:
- Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը հենց դրա մասին է: Ես պահանջում եմ, որպեսզի սկսեն ոչ միայն ծառայողական ուսումնասիրություն, այլև` գործին ընթացք տան քրեական օրենսգրքով:
- Այս ամենի նպատակը և իմաստը ո՞րն է:
- Այստեղ կան շատուշատ հարցեր: Օրինակ ով և ինչպես է այս ամենը հայտնաբերել: Ընհանրապես ոնց հայնաբերվեցին դիերը և ինչու հիմա:
Հայկ Գևորգյան