Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյին, ով ներկայացնում է Հայաստանը ԱԶԲ խորհրդում, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ: Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին ներկայացրել է Կառավարության ծրագրում արտացոլված հիմնական նպատակները՝ առանձնացնելով ԱԶԲ-ի հետ հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները:
Քերըն Մյուրեյը նշել է, որ պատիվ է Հայաստանը ներկայացնելու ԱԶԲ-ում և շեշտել, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների հետ ծանոթանալն է:
Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, ջրային և կապի ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ոլորտում, մասնավորապես՝ կրթության և բնագավառում նախատեսված բարեփոխումներին:
Երկուստեք կարևորվել է մասնավոր ոլորտում ԱԶԲ-ի հետ առկա ծրագրերը, այս համատեքստում ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման կարևորությունը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տրանսպորտային ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտում Կառավարության կողմից նախատեսված քայլերի և ԱԶԲ-ի հետ համագործակցության շուրջ:
Lragir.am