Հարցեր, որոնք չտրվեցին Փաշինյանին Հ1-ի հարցազրույցի ժամանակ
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրած նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտի տարելիցի կապակցությամբ արդեն հասցրեց բոլորի նյարդերի վրա ազդել հերթական տկարամիտ հարցազրույցով ու «արձանագրումներով»: Երբ Փաշինյանը քրթմնջում է, թե արձանագրենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի հետ ընթացող պատերազմը կասեցվեց, միայն ավելի ստորաքարշ ու տկարամիտ մեկը պետք է նստած լինի դիմացը, որ չհարցնի, թե՝ ներեցեք, պրն Փաշինյան, իսկ ինչո՞ւ երկիրն առհասարակ պատերազմի մեջ ներքաշվեց:
Ի՞նչ պետք է լինի դիմացինը, որ չհարցնի` պրն Փաշինյան, եթե ԶՈՒ գլխավոր շտաբից դեռ հունիսին Ձեզ զեկուցում էին, որ հնարավոր ռազմական բախման դեպքում Թուրքիան կարող է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, ամբողջ երեք-չորս ամիս դիվանագիտական ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք, որ նման աջակցությունը բացառվի: Պրն Փաշինյան, ե՞րբ գիտակցեցիք, որ պատերազմը կանխել չեք կարողանում, եւ ինչո՞ւ դրանից հետո հրաժարական չներկայացրիք: Պրն Փաշինյան, ինչո՞ւ պատերազմի ողջ ընթացքում ռազմական դրություն հայտարարելով ու հակասահմանադրական սահմանափակումներ մտցնելով՝ Արծրուն Հովհաննիսյանի դեմքով լկտիաբար ստեցիք սեփական ժողովրդի առաջ:
Ինչո՞ւ երեք հազարից ավելի զինվոր զոհաբերեցիք, երբ շրջանների վերադարձման շուրջ ավելի բարվոք համաձայնություններով՝ դեռ սեպտեմբերին, հոկտեմբերի առաջին օրերին, ինչպես ԱԺ-ում էիք հայտարարում, կարող էիք պատերազմ դադարեցնել: Ինչո՞ւ ամեն հրադադարից հետո շարունակեցիք պատերազմել ու մարդկային կյանքեր անխնա զոհել, միայն որովհետեւ Ադրբեջանն էր առաջինը հրադադար խախտել: Ինչո՞ւ հոկտեմբերի 29-ին չգնացիք Ժնեւ եւ չստորագրեցիք ԱՄՆ-ի առաջարկած քայլերն ու ժամանակացույցը, այլ հասաք Ռուսաստանի խմբավարած կապիտուլյացիան ստորագրելուն:
Եվ վերջապես, ամենաէականն ու հանգուցայինը` ինչո՞ւ Ադրբեջանի կիրառած ուժի եւ գործած ագրեսիայի հարցը չմտցրիք ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդ, որպեսզի գոնե Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների դիվանագիտական ամրագրումը կանխվեր, եւ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարություն չհայտնվեր: Ինչո՞ւ էիք փորձում երկրում տպավորություն ստեղծել, թե միջազգային հանրությունը չի օգնում, բայց իրականում ստորաբար ու միտումնավոր միջազգային պատկան կառույցներին ու առաջին հերթին ՄԱԿ ԱԽ-ին չէիք դիմում:
Հարցեր, որոնք կարելի է եւ շարունակել, բայց առայժմ անպատասխան: Այն, որ բոլոր այդ հարցերին Նիկոլ Փաշինյանն էլ, իր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ մի օր մեղադրյալի աթոռից կպատասխանեն, չեմ կասկածում: Վաղ կամ ուշ դա լինելու է, որովհետեւ, ի վերջո, որքա՞ն պետք է Ռոբերտ Քոչարյանի գործոնով պայմանավորված, որպես Քոչարյանի դեմ պատնեշ՝ Փաշինյանը հանդուրժվի:
Տա Աստված, որ օր առաջ ապագան ազդարարող ֆիգուրներ մուտք գործեն երկրի քաղաքական դաշտ, որպեսզի Փաշինյան-Քոչարյան տանդեմն էլ, իրենց կուսակիցներն ու շոշափուկներն էլ ասպարեզից հեռանան: Բայց առայժմ Փաշինյանը զբաղեցնում է ըստ ամենայնի բացակա իշխանության աթոռը, Քոչարյանը` բացակա ընդդիմության հարթակը, իսկ ժամանակն առաջ է շարժվում: Եվ ժամանակի անդադար երթում երկու-երեք խնդիր այդպես էլ մնացել է առկախ` գերիների վերադարձման, ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների հեռանալու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի որոշակիացման հարցը, ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը` Մինսկի խմբի հովանու ներքո:
Դեռ հունիսյան ընտրություններից առաջ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի` Հարավային Կովկաս կատարած այցից հետո մի խումբ ռազմագերիների ազատումը ցույց տվեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, եւ հանգուցալուծման ուղիները, մեխանիզմները կան:
Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ խնդրի կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների վերսկսումն Ալիեւի համար համազոր էր եւ է սեփական դամբանականը գրելուն: Դրա համար էլ Ադրբեջանի նախագահն ամիսներ շարունակ օրը մի հիմարություն դուրս էր տալիս՝ սեփական ժողովրդին համոզելու համար, թե ինքը լուծել է ԼՂ խնդիրը: Թե Ալիեւին մինչ այժմ քանի հոգու է հաջողվել համոզել` չգիտեմ, բայց ակնհայտ է, որ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացը վերսկսվում է, ինչը նշանակում է, որ մինչ այժմ շաղ տված փուչիկները` ԼՂ խնդիրը լուծած լինելու մասին, շուտով պայթելու են անգամ ամենաանտեղյակ ադրբեջանցիների աչքում: Կարծում եմ՝ Էրդողանի երկնած «3+3» ֆորմատն էլ որքան էլ Հարավային Կովկասը ռուս-թուրքական ազդեցության ուղեծրում պահելու հավակնության բարձրաձայնում է, մի այլ կողմից` Արեւմուտքի համբերությունը չափելու զոնդաժ, խորության մեջ դա նույն դատարկախոսությունն է, ինչ Արցախի խնդրի լուծված լինելու մասին լոլոները: Ո՛չ Արցախի խնդրի լուծում, ո՛չ էլ Հարավային Կովկասում ազդեցությունների հաստատում առանց Արեւմուտքի հիմնարար դերակատարության չի լինելու:
Մնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշակիացման հարցը, որ բոլորովին չի հասկացվում, թե ինչ ընթացքով կզարգանա: Ամռանն Ադրբեջանը լոբբինգ էր անում, եւ Ռուսաստանն էլ ձայնակցում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծին կանգնեն ռուս զինծառայողներ: Պարզ էր, որ դրանք չէին կարող լինել սահմանապահներ, որքան էլ այդ բառը լրատվամիջոցներում հոլովվում էր, քանի որ սահմանապահներ կանգնեցնելու համար նախ հարկավոր է, որ սահման գոյություն ունենա․ կառքը չի կարող ձիուց առաջ կանգնել:
Կարո՞ղ է Ալիեւ-Պուտին-Փաշինյան խուժանապետությունը պայմանավորվել հերթական գործարքի շուրջ, եւ ոչ թե ռուս սահմանապահներ, այլ ռուս խաղաղապահներ գան կանգնեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին: Մինչ այժմ, չնայած տարատեսակ հայտարարություններին, ինչպես տեսանք, դա էլ չպատահեց: Ի վերջո, ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայելով՝ Ռուսաստանը ֆիզիկական ներկայություն է հաստատել Հարավային Կովկասում, եւ հաջորդ քայլը տրամաբանորեն լինելու է այդ ներկայությունը հակակշռելը կամ չեզոքացնելը, ոչ թե այն խորացնելը:
Հետեւաբար, որքան էլ Փաշինյանը ժամավաճառությամբ զբաղվի եւ «դեմարկացիա-դելիմիտացիա» բառերը հոլովի, առանձնակի կարիք չկա մտահոգվելու, թե տեսանելի ապագայում դա կպատահի: Սայլը տեղից շարժվելու համար հարկավոր է, որ նախ Մինսկի խմբի համանախագահների միջեւ կայանա համաձայնություն, իսկ դրա համար պետք է, որ Մինսկի գործընթացը ողջ ներուժով եւ ծավալով վերսկսվի ու ընթանա:
Hraparak.am