Առանձին դեպքերում թեկնածուների հետ կապված ընդունվել են գրանցումները մերժելու որոշումներ. Մուկուչյան
ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին մասնակցող 26 սուբյեկտ, 22 կուսակցություն, 4 կուսակցությունների դաշինք. առանձին դեպքերում թեկնածուների հետ կապված ընդունվել են գրանցումները մերժելու վերաբերյալ որոշումներ, որովհետև տրված 48 ժամվա ընթացքում վերջիններիս կողմից չէին ներկայացվել համապատասխան փաստաթղթեր։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցման գործընթացին, քանի որ ավելի վաղ հայտնել էին, որ վերջինս կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, ԿԸՀ նախագահն ասաց. «Ինչ վերաբերում է առանձին դեպքերի, ապա բնական է, դրանցով պայմանավորված փաստական հիմքերի ի հայտ գալուն պես ԿԸՀ-ն յուրաքանչյուրով կկազմակերպի քննարկում, և դրանով պայմանավորված՝ կընդունվեն համապատասխան որոշումներ։ Ամբողջը լինելու է մեր նիստերում, բաց հրապարակային, այնպես չի լինելու, որ որևէ բան դուրս մնա հանրության տեսադաշտից»: