Չգիտեմ`ինչ արտարժույթով և որքան մաքսատուրք պետք է վճարեն ՀՀ քաղաքացիները. Սյունիքի մարզպետը՝ Գորիս-Կապան մայրուղու ադրբեջանական մաքսակետերի մասին
Անհանգստացած ենք, բայց աշխատում ենք լուծել բոլոր խնդիրները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը` անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական մայրուղու վրա երեկ գիշերվանից տեղադրված ադրբեջանական մասքակետերին։
Մարզպետը նշեց, որ այս պահին դեպի հարակից գյուղեր մատակարարման հետ կապված խնդիրները լուծված են. «Մատակարարման հետ կապված հարցը լուծվել է, եղել է մեքենայի, վառելիքի խնդիր, որը տրամադրել ենք»։
Հարցին`ի՞նչ արտարժույթով և որքա՞ն մաքսատուրք պետք է վճարեն ՀՀ քաղաքացիները սեփական երկրի տարածքում, Սյունիքի մարզպետը նշեց. «Տեղյակ չեմ՝ ինչ արտարժույթով և որքան մաքսատուրք պետք է վճարեն»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին գիշերը ժամը 12-ից սկսած Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհահատվածի վրա և իրականացնում է սահմանային ու մաքսային գործառույթ։ Նշենք նաև, որ նախօրեին հայտարարվել էր այլընտրանքային` Տաթև-Աղվանի ճանապարհի վերանորոգման ավարտի մասին։
Տեղեկացնենք նաև, որ ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով:
Tert.am