«Դավիթ Գալստյանն անորակ զենքի մատակարարման մեղադրանքով է կալանավորվել: Նմանատիպ գործ ավելի վաղ ևս հարուցված էր, և Դավիթ Գալստյանը շուրձ 4 ամիս գտնվում էր կալանքի տակ: Այս պահին երկու գործերով անցնում է՝ որպես մեղադրյալ: Երկու գործով էլ նույն գիծն է տարվում: Խոսքը վերաբերում է իբր անորակ զենք մատակարարելուն ու այդ եղանակով խարդախությամբ գումարներ վաստակելուն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Հայաստանի զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ առաջին գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել Դավիթ Գալստյանի փաստաբանների բողոքը:

Անդրադառնալով մեղադրանքին ու այն հարցին, թե ո՞վ է որոշել զենքերի անորակությունը, ի՞նչ փորձաքննության շրջանակում է դա հաստատվել, Արմեն Հարությունյանն ասաց, որ ցանկացած մեղադրանք սկզբնական շրջանում որոշակի ենթադրությունների վրա է հիմնված, և միայն հետո են դրանք հաստատվում կամ հերքվում:

«Օրենքով ցանկացած նախաքննական մարմին պարտավոր է որևէ ենթադրություն հիմնավորել փաստական տվյալներով: Մենք հենց ամենասկզբից էինք հայտարարում այս մեղադրանքի՝ անհիմն և սին լինելու մասին: Չհանդիսանալով մասնագետ՝ քննիչը չի կարող որոշել զինամթերքի արտադրման տարեթիվը: Հստակ ընդունված գիտական նորմատիվներ կան զենքի արտադրության մեջ, որոնց հիման վրա որոշվում է զենքի արտադրման տարեթիվը: Նույն զենք արտադրող գործարանը մեր հարցմամբ համապատասխան փաստաթղթեր ներկայացրեց, ըստ որոնց՝ նախաքննական մարմնի ներկայացրած տարեթիվը սոսկ իրենց ենթադրությունն էր»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ ինչո՞ւ չի անցկացվում փորձաքննություն, ինչո՞ւ է նախաքննական մարմինը հրաժարվում դրանցից, Արմեն Հարությունյանը նախ պատասխանեց, որ նախաքննական մարմնի կողմից այս հարցում իրավական շահագրգռվածություն պետք է լինի, ինչը, սակայն, չկա:

«Զավեշտն այն է, որ ընդհանրապես միշտ մեղադրվող կողմն է խուսափում փորձաքննություններից: Դա պաշտպանական մարտավարություն է, որովհետև փորձագետը հատուկ մասնագետ է, և նրա կարծիքը կարող է ըստ էության ճակատագրական լինել: Այս տարբերակում մենք տեղերով փոխվել ենք: Մենք անընդհատ պնդում ենք նախաքննության մարմնին, որ եթե որակի հետ կապված՝ պնդում կա մեղադրանքում, ապա այդ հարցի միակ լուծումը կարող է տալ անաչառ մասնագետը»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ երկու մարմին կա, որ կարող են տալ փորձագիտական եզրակացություն՝ Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) ու անաչառ փորձագիտական հիմնարկները:

«Հաշվի առնելով, որ ՊՆ-ի հետ գործընթացն առնչվում է, իրենք պահանջում են անաչառ փորձագիտական հիմնարկների փորձաքննություն, ինչը մերժվում է: Այն, որ մերժվում է, և դրա վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացվում, մեզ մոտ լուրջ մտավախություն է առաջացնում: Այդ մասին մենք նույնիսկ դատախազություն բողոք ենք ներկայացրել, և մեր մտավախություններն ավելի խորացան, որովհետև դատախազությունը համարեց, որ այդպես է պետք, եթե այդպես են որոշել»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Վերջինս վստահ է՝ սա արվում է, որովհետև նախաքննական մարմինն էլ է հասկանում, որ վաղ թե ուշ մեղադրանքը հօդս է ցնդելու, մարդիկ ազատվելու են կալանքից, իսկ իրենց պետք է հնարավորինս երկար նրանց պահել կալանավորված:

«Ի սկզբանե գործով նշանակված էր որակը ստուգելու փորձաքննություն, սակայն, երբ պաշտպանական կողմը գործի վարույթի ընթացքում որոշակի փաստարկներ ներկայացրեց, նախաքննական մարմինը հասկացավ, որ որակի հետ կապված խնդիր չկա: Իսկ եթե նման պայմաններում փորձաքննություն լիներ, դա լուրջ խնդիր կլիներ մեղադրանքի համար, և դրա համար իմ գնահատմամբ՝ ապօրինի որոշում կայացվեց՝ իր իսկ նշանակած փորձաքննությունն անկատար թողնել»,- ասաց փաստաբանը:

Վերջինս պնդում է՝ այն պարագայում, երբ դու ի լուր աշխարհի հայտարարում ես, որ մարդն անորակ զենք է մատակարարել, և հրաժարվում ես փորձաքննությունից, ուրեմն կամ պետք է հայտարարել, որ որակի հետ կապված խնդիր չկա, ու դրա համար եք հրաժարվում փորձաքննությունից, կամ պետք է հիմնավորեք մերժումը, ինչը չեն արել: Ասում են, որ այդ հանգամանքն այլևս կարևոր չէ:

«Սրանից մենք հանգում ենք այն եզրակացության, որ այստեղ Դավիթ Գալստյանին ամեն գնով կալանքի տակ պահելու ցանկությունն է գերակա, քան որևէ իրավական գործընթաց»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե նրա ասածից կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է քաղաքական պատվերի մասին, ուրեմն ինչո՞ւ է այդպես արվում, Արմեն Հարությունյանն ասաց, որ առհասարակ Դավիթ Գալստյանը հակված չէ իր նկատմամբ ընթացող իրավական գործընթացները համարել քաղաքական:

«Դավիթ Գալստյանի դիրքորոշումը հստակ է. ինքը բիզնեսմեն է, բիզնես է անում բոլոր իշխանությունների ժամանակ, առաջարկում է, ունի հնարավորություններ, մատակարարում է և քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ոչ նախկինում, ոչ էլ հիմա՝ չունի: Սակայն այս գործի՝ ի սկզբանե հրապարակային, անհեթեթ հայտարարությունները որոշակի մտավախության տեղիք տալիս են»,- ասաց Դավիթ Գալստյանի փաստաբանը:

Արմեն Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին ինքն ու իր պաշտպանյալը որևէ քննչական գործողության չեն մասնակցում, որևէ գործընթաց տեղի չի ունենում, թեպետ իրենք այս ընթացքում հավաքել են լուրջ ապացուցողական բազա:

Զենքի մատակարարման գործընթացի հետ կապված՝ մի հետաքրքիր հանգամանքի մասին ևս խոսեց Արմեն Հարությունյանը:

«Զենքի ամբողջ մատակարարման գործընթացը, այդ թվում՝ գնելը, տեղափոխելը և ընդունելը, վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից: Շատ կարևոր մի հանգամանք է սա, ինչն իրական կյանքում գոյություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ ԱԱԾ-ից ձերբակալվածներ չկան: Այսինքն՝ սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ այդ բոլոր պրոցեսները ժամանակին շատ լավ վերահսկվել են, խնդիրներ չեն եղել: Եթե որոշակի շեղումներ էլ եղել են, դա թույլատրվում է օրենքով: Պետական գնումների ընթացակարգերում կան նման հնարավորություններ: Սա 2018թ. ընդունված խմբաքանակ է, այսինքն՝ էլի չեն կարող ասել, որ նախկինում է եղել: Այսինքն՝ այս պրոցեսները հիմք են տալիս էլի ենթադրելու, որ, ցավոք սրտի, մինչ այս պահը մենք գործ ունենք ոչ իրավական պրոցեսների հետ: Թե ինչ պրոցեսներ են դրանք, ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց փաստաբան Արմեն Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն