Մոսկվայում եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև հերթական բանակցությունների չեղարկումից հետո վերականգնման նշաններ է ցույց տալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին, պատերազմից հետո երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։ Արձանագրվել է համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Համանախագահները շարունակել են քննարկումները լարվածության թուլացմանն ուղղված հնարավոր միջոցների և ձեռնարկվելիք առաջիկա քայլերի, այդ թվում` այս ձևաչափով նոր հանդիպումներ անցկացնելու և տարածաշրջան այցելելու շուրջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երկու երկրների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Ըստ հաղորդագրության, համանախագահները վերահաստատել են մարդասիրական բնագավառում, այդ թվում` կալանավորների, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների, պատմամշակութային վայրերի պաշտպանության հարցերում առաջընթացի կարևորությունը և կողմերին կոչ են արել անարգել մուտք ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար: Համանախագահները կողմերին հորդորել են հրաժարվել գրգռող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից:

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին պատերազմից մեկ տարի անց՝ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, պայմանավորվել նորից հանդիպել, հրավիրել համանախագահներին տարածաշրջան: Սակայն այս ընթացքում համանախագահների այց տարածաշրջան տեղի չունեցավ, ավելին, փոխվեց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը: Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն էր խոսել համանախագահների ջանքերի մասին, ասելով, որ որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ հույս ունի, որ Մինսկի խումբը կօգնի կողմերին, որպեսզի նրանք առաջընթաց գրանցեն՝ իրավիճակի տևական կայունացման ուղղությամբ:

Տարածաշրջանային մի շարք փորձագետների խոսքով, Փարիզն այս փուլում ստանձնում է ԵԱՀԿ Մինսկի խմբում առաջին ջութակի դերակատարությունը, փորձելով կողմերին ուղղորդել դեպի վերջնական ու կայուն կարգավորում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում կողմերը էական առաջնթացի պատմություն չունեն, հասկանալի չէ, թե ինչ ակնկալիքով են վերսկսում, այնուամենայնիվ, կարևորն այն է, որ Ադրբեջանը կարծես սկսել է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ այն դեպքում, երբ պատերազմից անմիջապես հետո մերժում էր համանախագահներին, որի պատճառով էլ տապալվեց համանախագահների հետպատերազմյան առաջին այցը ռեգիոն:

Նրա խոսքով, ցանկության դեպքում Բաքվի գործողություններում բազմաթիվ հակասություններ կարելի է գտնել. Բաքուն պատերազմից հետո Հայաստանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիր, սակայն մերժում էր ԵԱՀԿ ՄԽ-ն, և միայն այս փուլում է ԱԳ նախարարի մակարդակով սկսում աշխատել, բայց, ըստ էության, դեմ լինելով այն սկզբունքներին, որոնք առաջարկելու են համանախագահները:



«Չափազանց շատ են հարցերն ու անորոշությունները: Ներկայումս կա կոնսենսուս՝ չմերժելու այս ֆորմատի գործունեությունը, քանի որ, ըստ էության, եղավ աշխատանք ռեգիոնի երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, և Ադրբեջանը օպտիմալ համարեց վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Այս պահի դրությամբ մենք միայն տեսնում ենք հանդիպում ու ընդհանուր հարցերի քննարկում: Չեմ կարծում, որ հայտարարելով, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, կարգավիճակի հարց գոյություն չունի, Բաքուն քննարկելու է նույն հարցերը Մինսկի խմբի շրջանակում: Բաքվի որոշումն առավելապես նպատակ ունի չմերժել ԱՄՆ-ին և Ֆրանսիային, դուրս չմնալ այդ գործընթացից: Բաքուն իր հաշվարկն ունի այս ամենի հարցով: Սակայն չեմ կարծում, որ քննարկվելու են այդ հարցերը, որոշումներ են կայացվելու:

Երևանն իր հերթին պայման է դնում առաջին հերթին լուծել հումանիտար խնդիրները: Թե ինչ են կոնկրետ քննարկելու համանախագահները՝ ևս պարզ չէ: Ադրբեջանը կփորձի ժամանակ ձգել, մինչ տարածաշրջանում որոշ հանգամանքներ հստակեցվեն»,- ասաց նա:

Վերջինիս կարծիքով, այս փուլում, թեև Արևմուտքն է ակտիվացնում ԵԱՀԿ ՄԽ-ն, Մոսկվայի համար ևս կարող է նպատակահարմար լինել ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնումը՝ հաշվի առնելով տարաձայնություններն Ադրբեջանի, Թուրքիայի հետ մի շարք հարցերում: Նրա խոսքով, աշխարհաքաղաքական մանրակրկիտ աշխատանք է ընթանում տարածաշրջանում բոլոր կենտրոնների մասնակցությամբ: «Պարզ չէ, թե որ փուլում որ հարթակն ավելի արդյունավետ կարող է դառնալ»,- ասաց նա:

Եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ևս արձանագրեց, որ գործընթացը փորձում են տեղաշարժել մեռյալ կետից: Նրա գնահատմամբ, գործընթացի մոտալուտ հաջողության հնարավորությունները չափազանց ցածր են:



«Ինչո՞ւ է ցածր, որովհետև մի կողմին գործընթաց են բերել մեծ դժվարությամբ, քանի որ չունեն այդ կողմի համար ընդունելի օրակարգ: Մյուս կողմն ունի օրակարգ, որը նման է համանախագահների օրակարգին, սակայն կա նաև նախ հումանիտար խնդիրները կարգավորելու հարցը: Իրենց հերթին՝ համանախագահները պետք է կարողանան երկու կողմի համար ընդունելի փաթեթ առաջարկել՝ լուծելով ընթացիկ հարցերը: Սա բարդ խնդիր է, քանի որ կողմերի միջև փոխըմբռնում չկա, ավելին՝ կա մեկ այլ գործընթաց, որը համակարգում է Մոսկվան, այս ամենում կա նաև Անկարայի «ձեռքը»:

Ակնհայտ է նաև, որ այն օրակարգը, փաստաթղթերը, որոնք ԵԱՀԿ ՄԽ սեղանին էին պատերազմից առաջ, այսօր չեն կարող լինել: Ինչպես նաև պետք է նախկին փաստաթղթերը փոփոխվեն, որպեսզի համապատասխանեցվեն այսօրվա իրողություններին:

Դրա համար կարևոր է նաև, որպեսզի դեմարկացիա-դելիմիտացիա գործընթացն իրականացվի առանց լուրջ խնդիրների: Պետք է սպասել համանախագահների այց տարածաշրջան և օրակարգի հստակեցում»,- ասաց նա:

Ըստ փորձագետի, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան միասին կհամակարգեն այս գործընթացը:

«Ես չեմ կարծում, որ սա Ֆրանսիայի մենաշնորհն է լինելու: Ռուսաստանը կողմերի հետ ունի իր աշխատաոճը, բնական է, որ տարածաշրջանում, աշխատելու համար Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կարող են ակտիվացնլ այս հարթակը: Սա նրանց համար բավականին հարմար գործիք է: Առանց դրա նրանցից պահանջվելու է ավելի բարձր դիվանագիտական միջամտություն, որը ռեսուրսներ է պահանջում»,- նկատեց նա:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն