Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդդրադարձել է ՏԻՄ ընտրությունների լուսաբանմանն ու քարոզչության ընթացքում վարչական ռեսուրս չարաշահելու խնդրին: Իոաննիսյանը գրել է.

«Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշավում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խոստ ՔՊ-ամետ է լուսաբանում այն:

Նախ գործադիրը 9 միլիոն դրամ է հատկացնում Կապանում ինչ-որ ծրագրերի համար: Բոլոր համայնքներից կառավարությունը որոշում է հենց ընտրություններից մի քանի օր առաջ հենց Կապանին հատկացնել այդ գումարը: Ապա Հ1-ը սկսում է ինտենսիվ լուսաբանել գործադիրի այդ քայլը ու ոչ պակաս ինտենսիվ լուսաբանել Կապանին նախկին 3 տարում տրված այլ սուբվենցիաները:

Սուբվենցիաները տարիներով տրվում էին, բայց Հանրայինը հենց ընտրություններից առաջ է պատմում կառավարության կողմից՝ Կապանին գումար հատկացնելու մասին: Իմիջիայլոց նույնը Հ1-ը անում է նախընտրական այլ համայնքներում: Դրանից հետո Հ1-ն ու կառավարությունը ջանք չեն խնայում, որ հանրությանը ցույց տան, որ Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը հենց կառավարության ներկայացուցիչն է: Նախ Դանիելյանը ուղեկցում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որով հստակ ցուցադրում է, որ ինքը ղեկավարության ներկայացուցիչ է:

Սուրեն Պապիկյանը, իմիջիայլոց, բավականին ինտենսիվ է համատեղում պաշտոնական պարտականությունների կատարումը համայնքներում նախընտրական քարոզչության հետ՝ ցուցադրելով, որ համայնքներին առակցող կառավարությունն ու թեկնածուներից մեկը նույնական են:

Վերադառնալով Հանրային հեռուստատեսությանը հարկ է հիշատակել Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հարցազրույցին, որի ժամանակ Պետրոս Ղազարյանն իր հարցերով կրկին ամրապնդում էր այն թեզը, որ Դավիթ Դանիելյանը սուբվենցիաներ տվող կառավարության ներկայացուցիչն է: Նույնիսկ ավելին, Հ1-ում Դանիելյանին գրեթե չտրվեց ՏԻՄ լիազորություններին վերաբերող որևէ հարց: Փոխարենը Պետրոս Ղազարյանը հարցերով բացեց այն քարոզչաթեզերը, որոնք Կապանում տանում է ՔՊ-ն:

Հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նույնիսկ որոշեց բոլոր հեռուստադիտողների համար դե-ֆակտո ընդգծել, որ ՔՊ-ի մրցակից Շանթ դաշինքի արտաքին քաղաքական գիծը Կապանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծելու: Այս ամենի ֆոնին առավել հասկանալի է դառնում, թե ինչու էր Քաղաքացիական Պայմանագիրն այդքան դեմ, որ ընդլայնվեն վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի սահմանները, իսկ դրա որոշ դրսևորումները՝ քրեականացվեն»:

A1plus.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն