Իմ պապն ինձ ասել է, որ Հայաստանն սկսվում է Փայտակարանից և անծայրածիր երկիր է․ Կապանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու (տեսանյութ)
Այժմ բանակցություններ են ընթանում և տանում են նրան, որ լինեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ, որ մեր հաջորդ սերունդները մեզնից ժառանգեն սահմանագծված և սահմանազատված պետություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Դանիելյանը։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն հատվածները, որտեղ ադրբեջանական անցակետեր, մաքսակետեր են տեղակայվել, ադրբեջանական են, և հարցին՝ ինքն ընդունո՞ւմ է, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, Դանիելյանը հայտարարեց, թե ՀՀ-ն ժառանգել է մի քաղաքական իրավիճակ, որի արդյունքում շատ հարցերի պատասխաններ ստիպված ենք ստանալ բանակցությունների արդյունքում։
Հարցին՝ այսինքն՝ չի՞ ընդունում, որ դա հայկական տարածք է, Դանիելյանն արձագանքեց․ «Իմ պապն ինձ ասել է, որ Հայաստանն սկսվում է Փայտակարանից և անծայրածիր երկիր է»,- ասաց նա։
Իսկ հարցին, թե որ ժամանակաշրջանի քարտեզներով կկայանան այդ աշխատանքները, Դանիելյանը պատասխանեց, թե այս պահին չի կարող պատասխանել։ Համայնքապետի թեկնածուն ընդգծեց, որ բոլոր գյուղերի համար այլընտրանքային ճանապարհներ են կառուցվում։
Tert.am