«Թշնամուն դիմադրություն ցույց տալու համար նախևառաջ պետք է ունենալ հայկական շահը ներկայացնող ռազմաքաղաքական իշխանություն՝ այսօր դրա բացակայությունն ունենք». Ալվինա Աղաբաբյան
Նոյեմբերի 14-ի երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմը մաքսակետ է տեղադրելու Կապան-Ճակատեն ճանապարհին։
Մեկ այլ մաքսակետ էլ թշնամին տեղադրել էր Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում նոյեմբերի 11-ին, այս մասին էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակին և դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներին, նախ նշեց, որ, թեև օրինական սահմանազատման և սահմանագծման գործընթաց չկա, սակայն ադրբեջանական զինված ուժերն այսօր փաստացի գծում են իրենց համար հարմար և իրենց շահերից բխող սահման։
«Առհասարակ թուրքերը միշտ են այդ տրամաբանությամբ գործել, այսինքն՝ անում են այն, ինչ անում են, հետո մնացածին կանգնեցնում են կատարված փաստի առաջ և ստիպում գործել ըստ կատարված փաստի։ Այսինքն՝ այս դեպքում նրանք առաջ են գալիս, ներխուժում են մեր տարածք 1-2 կիլոմետր, տեղեր կան՝ մինչև 4-5 կմ, և հենց այդ դիրքերից են մեզ հետ խոսում։ Նրանք իրենց կողմից օկուպացրած մեր դիրքերից հետ քաշվելու որևէ մտադրություն չունեն, այս ամենի ապացույցն այն է, որ այդ հատվածներում ակտիվ ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, դիրքավորվում են, ավելացնում են իրենց ռազմուժը և մարդկային ուժը։ Այս գործընթացը նոր չի եղել, մայիսից սկսած մենք այդ ամենը տեսնում ենք։ Երբ թշնամին դիմադրություն չի տեսնում, նրանք անընդհատ հատված առ հատված առաջ են գալու։ Այսօր մենք փաստացի ունենք այն, որ բոլոր այդ հատվածներում անընդհատ նոր առաջնագիծ պետք է ունենանք, տպավորությունն այդպիսին է։ Նաև այնպիսի տպավորություն է, որ մենք մեր առջև տարածքները պահելու խնդիր չենք դրել»,- նշեց Ալվինա Աղաբաբյանը։
Ըստ նրա, այն հատվածներում, որտեղ ադրբեջանական կողմը մաքսակետեր է դրել՝ Որոտան և Կապան-Ճակատեն ճանապարհների հատվածներում հայկական կողմի համար երկու ուղղությամբ էլ խնդիրներ է առաջացնում։ Խնդիրներ են առաջանում հարակից գյուղերի համար, որոնք, կարելի է ասել, կտրված, իզոլյացված վիճակում են հայտնվել՝ խոսքը Գորիսից-Կապան ճանապարհահատվածում գտնվող չորս գյուղերի մասին է՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և Առաջաձոր։ Այս գյուղերը Գորիս և Կապան գնալու ճանապարհ չունեն, կա միայն անտառային ճանապարհներ, որոնք այս սեզոնին անցանելի չեն կամ անցանելի են միայն ամենագնացների համար։ Կապան-Ճակատեն հատվածում գտնվող 6 գյուղերի համար ևս առաջանում է մեծ խնդիրներ՝ Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ և Ներքին Հանդ։
«Սրանք Կապանի մաս կազմող գյուղեր են, որոնք այսօր փաստացի զրկված են Կապանի հետ կապից։ Այստեղ Գեղանուշ գյուղով ճանապարհ կա, կրկին անտառամիջյան է, որը չի կարելի անցանելի ճանապարհ համարել։ Ստացվում է, որ այս գյուղերի մոտ գտնվող ամենամեծ բնակավայրը, որտեղ կարող են ինչ-որ խնդիրներ լուծել՝ Մեղրին է։ Այն մի դեպքում՝ Ճակատենից 80 կմ է հեռու, իսկ Ծավից՝ 50 կմ։ Այսօր այդ բնակիչներն ունեն բուժօգնություն ստանալու մեծ խնդիր, որովհետև պատկերացրեք, որ որևէ մեկին անհրաժեշտ լինի անհետաձգելի բուժօգնություն, ստիպված են լինելու 50-80 կմ ոլորապտույտ ճանապարհներով հասցնել Մեղրի, քանի որ ամենամոտ հիվանդանոցն այնտեղ է։ Եղանակային վատ պայմանների պարագայում այդ ճանապարհն էլ է շատ դեպքերում դառնում անանցանելի»,- հավելեց Ալվինա Աղաբաբյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ գյուղերը նման իրավիճակում կանգնում են նաև պարենային խնդրի առջև։ Ճակատենում հացը մատակարարվում էր հիմնականում Կապանից, այսօր այդ ճանապարհը չկա, հետևաբար՝ հարց է առաջանում, որտեղի՞ց են այդ բնակիչները ստանալու պարենամթերք։ Շիկահողի գյուղապետարանից արդեն զանգահարել են բնակիչներին և հետաքրքրվել, թե օրվա կտրվածքով ում որքան հաց է անհրաժեշտ լինելու։ Այսինքն՝ կան մի շարք լուրջ խնդիրներ, որոնք հումանիտար աղետի առջև են կանգնեցնելու այդ գյուղերը։
«Այդ հատվածներում նաև պաշտպանության և պահպանության հետ կապված բավականին մեծ խնդիրներ են առաջանում, թե՛ ծառայության իրականացման տեսանկյունից, թե՛ թիկունքային ապահովման, քանի որ այդ հատվածներում կանգնած զինվորներին նաև պետք է սնունդ հասցնել։ Եթե նախկինում այդ ամենը գալիս էր Գորիսից կամ Կապանից, այսօր դա չկա, այսինքն՝ պետք է հասցնեն Մեղրիից բերել։ Եթե, Աստված ոչ անի՝ Կապան-Ճակատեն հատվածում թշնամին մտադրվի ավելի մխրճվել մեր տարածք, այդ դեպքում Կապանում ու Գորիսում տեղակայված մեր զորամիավորումները չեն կարողանալու օգնության հասնել։ Ստացվում է, որ լրացուցիչ թիկունքային ուժեր պետք է Մեղրիից գան, ինչը ժամանակ է պահանջում, ու լրացուցիչ խնդիրներ են առաջացնում»,- շեշտեց Ա. Աղաբաբյանը։
Մեր զրուցակիցը վստահ է, որ նույնիսկ նման իրավիճակում Հայաստանը թշնամու ագրեսիային դիմադրելու ռեսուրս և հնարավորություններ, բնականաբար, ունի։ «Սակայն այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելու և թշնամուն դիմադրություն ցույց տալու համար նախևառաջ պետք է ունենալ հայկականը, և հայկական շահը ներկայացնող ռազմաքաղաքական իշխանություն։ Այսօր մենք դրա բացակայությունն ունենք։ Ի՞նչ է նշանակում՝ տրված չէ դիմադրելու հրաման, մեր զինված ուժերն անկախ ամեն ինչից պետք է կատարեն սահմանադրորեն իրենց վերապահված պարտականությունները և պաշտպանեն դիրքերը։ Մնացած ամեն ինչ արդեն լիրիկայի ժանրից է»,- եզրափակեց Ալվինա Աղաբաբյանը։
168.am